Երգիչ, բազում հիթերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանն այժմ աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, քանի որ պատրաստվում է մեկ ամսով հանգստի մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ մի փոքր կտրվել առօրյայից:
Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պլանավորում է լինել Լոս Անջելեսում, Լաս-Վեգասում, Նյու Յորքում, Վաշինգտոնում. «Եղբայրս նահանգներում է բնակվում, գնում եմ, որ նրա եւ ամերիկաբնակ ընկերներիս կարոտը առնեմ»,-ասաց Գրիգորը:
Նա հուսով է, որ ամերիկյան ճամփորդությունը, որն, ի դեպ, առաջինը չէ, անմոռանալի կլինի. «Ամեն անգամ, երբ ինձ հնարավորություն է ընձեռվում մեկնելու եվրոպական որեւէ երկիր, չգիտես ինչու, գերադասում եմ դրա փոխարեն մեկնել ԱՄՆ»,-խոստովանեց երգիչը:
Նա նշեց, որ, առհասարակ, ակտիվ հանգստի սիրահար է, իսկ դա պայմանավորված է իր մարդկային անհանգիստ տեսակով. «Օրինակ` ծովային հանգիստ չեմ սիրում եւ միշտ զարմացել եմ, որ մարդիկ կարող են շաբաթներով մեկնել ծովափնյա որեւէ երկիր եւ արեւայրուք ընդունել. երկու օր հետո դա ինձ համար դառնում է ձանձրալի եւ անհետաքրքիր: Թերեւս, ծով արժե մեկնել միայն սիրած էակի հետ:
Փոխարենը ինձ միշտ գրավել են լեռները, նախընտրում եմ էքստրեմալ իրավիճակներում հայտնվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքային կյանքին, ապա շատ եմ սիրում ակումբային կյանքը, ինձ համար հետաքրքիր է նաեւ այցելել տեղի մշակութային օջախներ, մասնավորապես` ժամանակակից արվեստի թանգարաններ: Իսկ քաղաքը բացահայտելու լավագույն ձեւն ինձ համար այնտեղ կորչելն է»,-մանրամասնեց Գրիգորը` հավելելով, որ աշնանը ծրագրում է մեկնել Լոնդոն եւ վստահ է, որ այդ քաղաքը եւս իրեն շատ դուր կգա:
Մենք հարցրինք` երգչին հաջողվում է արդյոք համատեղել հանգիստը եւ աշխատանքը. «Այո, վստահ եմ, որ նահանգներում գտնվելուս ժամանակ էլ երգեր գրելու պատվերներ եմ ստանալու, չգիտեմ` ինչպես եմ հասցնելու, բայց մտադիր եմ գոնե երգերի խոսքեր գրել, թեկուզ օդանավում (այդպես հաճախ է լինում)»,-ծիծաղելով եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան