Ի՞նչ պայմաններով է «Սասնա ծռերը» համաձայնվել զենքը վայր դնել. պարզաբանում է Գարեգին Չուգասզյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեգին Չուգասզյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, որը նա տեղադրել է Facebook-ի իր էջում.

– Պարոն Չուգասզյան, Դուք նշել էինք, որ եթե չկայանա Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը, հրապարակելու եք ձայնագրություն։ Ի՞նչ ձայնագրության մասին է խոսքը, և ի՞նչ է այն բացահայտելու։    

–  «Սասնա Ծռերի» հետ կապված այս ողջ դիպաշարի «ծառերի» ետևում չպետք է մոռացության տանք բուն «անտառը»: Ի՞նչ դեպքեր նախորդեցին «Սասնա Ծռերի» ապստամբական գործողությանը…

Հիշեցնեմ.

1. Սերժ Սարգսյանի և իր գաղութային ադմինիստրացիայի ապրիլյան պատերազմում խայտառակ դավաճանական կեցվածքը,

2. Ժիրայր Սէֆիլյանի բացահայտումները ու բանակին սատարելու առաջարկները,

3. վերջինիս ձերբակալումը…

Բոլոր այս իրադարձություններն էլ  ուղղակիորեն  կապված էին Արցախի ազատագրված տարածքների «փոխզիջման» արագացող գործընթացի հետ:

Այս գործընթացը, որը ավերիչ դոմինոյի սկզբունքով պիտի բերեր սկզբում Արցախի՝ Իրանի հետ սահմանակից աշխարհաքաղաքական կարևություն ունեցող ռազմավարական  տարածքների և հակառակորդի հետ շխման գծում երկու միլիարդ դոլարանոց պաշտպանական ամրությունների հանձնմանը, ապա ռուսական «խաղաղապահ» զորքերի տեղակայմանը, այնուհետև Արցախի դատարկմանը ու կորստին, հետո Սյունիքի և վերջապես «Երևանի խանության» հանձնմանը թշնամուն…

Եվ այս բոլորը հանուն ժամանակակից «բոլշևիկա-քեմալական» բարեկամության և հանուն ենթադրվող թուրանա-սլավոնական, թեկուզ և անհնար միության…

Ապրիլյան դեպքերը ապացուցեցին, որ հայկական բանակում և Արցախում կան դեռ ուժեր, որոնք, թեկուզ և մեծ անձնազոհությունների գնով,  ի վիճակի են վիժեցնելու ալիեվյան ռազմական ագրեսիան …Սակայն պարզ էր, որ թշնամուն հաջողվել է անցնել թիկունք՝ Երևան և ապրիլյան հայկական հակահարձակումը վիժեցվեց հենց այստեղից…

Իսկ հաջորդող ամիսների ընթացքում դավաճանական դավադրությունը էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ համազգային համաձայնության և մոբիլիզացման միջոցով մոտեցող աղետին դեմագրավելու անհրաժեշտ եզրակացությունը այդպես էլ չարվեց Բազրամյան 26-ում և այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկվեց:  Նոր Հայաստանի և Հիմնադիր խորհրդարանի բազմաթիվ կոչերը մնացին ձայն բառբառո անապատի իշխող քաջնազարական արքունիքի համար: Ընդհակառակը, վարչախումբը անցավ երևանյան դիմադրական ձևավորվող ճակատի չեզոքացմանը…

Այս գործընթացը  պետք է կանխվեր մինչ այն կունենար անշրջելի ընթացք…

Ի տարբերություն արցախյան դիմադրական ճակատի, որն հիմնականում մարտական խիզախության տեր, սակայն ցավոք քաղաքական պայքարի փորձ չունեցող բանակային գործիչներից էր բաղկացած, երևանյան դիմադրական գործընթացը պետք է ունենար հիմնականում քաղաքական բնույթ: Սակայն հայաստանյան քաղաքական դաշտի ամայացումը հուշում էր, որ այդ  քաղաքական պայքարը կարող էր լինել միայն ուղիղ ժողովրդավարությանը հատուկ  ընդվզում, այն է քաղաքացիական զանգվածային անհնազանդություն:

Վերջինիս չեզոքացմանը վարչակազմը, կարծես թե, նույնպես պատրաստվել  էր՝ վերջին ութ տարվա ընթացքւմ եռապատկելով ոստիկակաան զորքը և ի տարբերություն բանակի, զինելով նրան ամենաժամանակակից պատժիչ միջոցներով…   Ուրեմն պետք էր այդ ահաբեկիչ ուժի կաթվածահարման և հանրային ապալեգիտիմացման գործընթաց և որպես ծայրահեղ միջոց »Սասնա Ծռերը» գնացին զինված ապստամբության գործողությանը…

Կատարվեց անհավանականը… «Սասնա Ծռերը» նվաճեցին մեր քաղաքացիների սիրտը, ժողովուրդը գնաց ապստամբների հետևից… Ստեղծվեց այնքան անհրաժեշտ հանրային վստահության կրիտիկական կապիտալը՝ «Սասնա Ծռերի» շարժումը…

Եվ Սերժ Սարգսյանն ու իր պնակալեզները նենգորեն փորձեցին իրար հակադրել երևանյան և արցախյան դիմադրական ճակատները, որպես բանակցող ընտրելով Վիտալի Բալասանյանին, և օգտվեվելով այն հանգամանքից, որ Վիտալի Բալասանյանը լինելով մի կողմից մարտական գեներալ, չէր տիրապետում բանակցային գործընթացների նրբություններին և մյուս կողմից, լինելով արցախաբնակ հեռու էր Հայաստանի հանրապետության քաղաքական գործընթացներից, գործեց կոպիտ վրիպումներ:

Սերժանտականները դավադրորեն  փորձեցին և դեռ փորձում են օգտվելով առիթից սեպ խրել նշածս երկու՝ արցախյան և Հայաստանի հանրապետության  դիմադրող-ճակատների  միջև ..…

Այս երկար նախաբանը պետք էր՝ հասկանալու համար գաղտնի արված ձայնագրության կարևորությունը…

Հուսով եմ, որ այն Վիտալի Բալասանյանի և արցախյան դիմադրական ճակատի այլ մասնակիցների մոտ, ինչպես նաև ողջ մեր ժողովրդի մոտ, մի շարք հարցեր կառաջացնի, որոնց պատասխանները թողում եմ իրենց…

Ա. ո՞ւմ էր ձեռնտու Վիտալի Բալասանյանի վարկաբեկումը Արցախի կարգավորման վճռական փուլում

Բ. Ինչպե՞ս ստացվեց, որ այս ձայնագրությունը հայտնվեց մեր տրամադրության տակ

Գ. ո՞ւմ շահերին է ձեռնտու ազատագրված հողերի հանձնման դեմ հանդես եկող արցախյան և Հայաստանի հանրապետության ուժերին իրար դեմ հանելը և փոխադարձ չեզոքազնելը…

Հիշեցնեմ արցախցիներին, որ ոստիկանապետությանը կաթվածահարող հարված հասցնող բեռնատարի ղեկին նստած էր արցախցի սասնա ծուռ, ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը: Եվ ամենակարևորը,  Հայաստանի հանրապետության և Արցախի իրական միացումը արդեն իսկ տեղի է ունեցել: Դրա կենդանի մարմանվորումը դա ապարանցի Պավլիկի և արցախցի Մարինեի սասնա ծուռ որդի Արամ Մանուկյանն է …

Այս բոլորից հետո, թողնում եմ  Վիտալի Բալասանյանի խղճին իր անելիքը որոշելը, քանի որ նա էր երաշխավորել զենքի վայր դրման պայմանները ՝ ներառյալ  կտտանքների և խոշտանգումների բացառումը և  Սերժ Սարգսյանի  հանդիպումը. Ժիրայր Սեֆիլյանի հետ…

– Արդյոք պ. Սէֆիլյանի՞ ցանկությունն է եղել հանդիպել Սերժ Սարգսյանին և ինչ նպատակով, ի՞նչ հարցեր էր նա (կամ Հիմանդիր խորհրդարանի ներկայացուցիչները) ծրագրում քննարկել Սարգսյանի հետ, ո՞րն էր լինելու հանդիպման օրակարգը, արդյո՞ք ներկայացվելու էին պահանջներ, դրանք վերաբերելու էին երկրի բարեփոխումներին, թե՞ Սարգսյանի հրաժարականին։    

– Հանրահայտ է, որ թե՛ Հիմնադիր խորհրդարանը, թե՛ Նոր Հայաստանը և թե՛ անձամբ Ժիրայր Սեֆիլյանը ապրիլյան պատերազմից հետո,  հրապարակավ,  հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանին, որոնց բնականաբար պատասխան չեղավ…

Եվ ինչու պատասխաներ, եթե մեր հայրենի Երևանը իր թափառական հոգու համար, իհարկե. Բեյրութ չէ, ուր հնարավոր է հրապարակային քաղաքականություն… Այն ընդամենը «բեսպրեդելի զոնա» է, ուր քաղաքի խիտ բնակեցված թաղամասը, իր փողոցներով ու տներով կարող է վերածվել իսկական մարտադաշտի, ուր անպատիժ կարելի է աչք հանել, տները վառել, պայթեցնել, մանուկներին խեղդդամահ անել…Ինքը մեր «զոն նայողն» է կարգված, և իր համար քաղաքականությունը դա միայն իրեն և իր պապաներին հասանելի  գողական «պանյատների» և «ռազբիռատների» հանրային աշքերից հեռո մութ ոլորտ է…

Վստահ եմ, որ վերջին իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանին արդեն իսկ ուղղված հարցերին ներկայումս ավելացել են այլ հարցեր և որոշ հարցեր ձևափոխվել են: Իսկ Ժիրայր Սէֆիլյանը ինքն ավելի լավ կպատասխանի Ձեր վերջին հարցին…

– Ի՞նչ պայմաններով է «Սասնա ծռերը» համաձայնվել զենքը վայր դնել և հանձնվել իրվապահներին։    

– «Սասնա Ծռերը» զենքերը վայր են դրել, սակայն ես համաձայն չեմ, որ նրանք հանձնվել են: Նրանք իրենց պայքարը շարունակում են բանտում և ղեկավարելու են պայքարը այնտեղից և հերոսների առկայությունը բանտում էլ ավելի վտանգավոր է այս ոստիկանապետության համար, քանի որ միայն ավելացնելու է ժողովրդի համակրանքը և մասնակցությունը «Սասնա Ծռերի» դիմադրական շարժմանը..

«Սասնա Ծռերի» ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի:   Այո, ծնվել է «Սասնա Ծռերի» զանգվածային շարժումը, որի վկան  քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսևորումներներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ընբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում…

«Սասնա Ծռերը» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, եկրից արտագաղթող  ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները ետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…

Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա Ծռերը» կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը…

– Ի՞նչ է ստացվում. եթե Ձեզ ճիշտ եմ հասկացել այս պահին՝ դեռ մինչև ձայնագրության հրապարակումը, ձեզ խոստացել էին կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, բայց այս օրերին ոչ մի հանդիպում էլ տեղի չի ունեցել և կարծես թե չի էլ ծրագրվում։  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։    
– Ոստիկանապետությունը և բանդայի պարագլուխ Սերժ Սարգսյանը ունեցան պյուռոսյան հաղթանակ, քանի որ պատռվեց իրենց փարիցեցիական «բարեփոխված» դիմակը և այն թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի, և թե՛ միջազգային հասարակության առաջ հայտվեց իր պետական ահաբեկչական ողջ փայլով ու թշվառությամբ …

Թշվառություն, քանի որ ի վիճակի չէ պաշտպանել երկրի ռազմական կարևորագույն բազաները անգամ փոքրաթիվ ապստամբական խմբերից: Եվ փայլուն, քանի որ գիշերային ակումբները և մերկապարուհիները նույնպես ներառված են իր կազմում …

Այն իր  տերերին ապացուցեց, որ  գաղութային ադմինիսրացիա իրականացնելու համար անգամ անպիտանի է և հույսը, որ այն ի վիճակի է լինելու իրականացնել ազատագրված հողերի ընդունման-հանձնման հրահանգը այլևս կասկածի տակ է…

Մյուս կողմից, ակնհայտ է, որ մի երկրում որը ունի պատերազմական վիճակ, ուր սահմանին ամեն օր զոհեր ունենք, ուր 3000 մարդ է մահացել զինադադարի պայմաններում, երկրի գաղութային ադմինիստացիան իրեն թույլ է տալիս ոստիկանության բյուջեն բանակի բյուջեի մեկ երրորդի չափ հասցնել, իսկ ոստիկանական զորքերի թվաքանակը 2008 թ. մարտի 1-ի արյունահեղությունից հետո անցած 8 տարիների ընթացում եռապատկել ու հասցնել 18.000-ի, այն դեպքում երբ սահմանին զորքի սուր պակաս է զգացվում…

Չասած արդեն այն հագամանքը, որ  ի տարբերություն բանակի ոստիկանությունը զինված է նորագույն սպառազինությամբ ..

Այո,  հենց ոստիկանությունը, համաձայն դավադիր ծրագրի դեռ պիտի կատարի մեր ժողովրդի դիմադրող հատվածի նկատմամբ իր պատժիչ առաքելությունը ՝ ազատագրված հողերը դատարկելիս և հանձնելիս…

Ահա գաղտնիքը, որը լավ կլիներ գիտակցեր մեր ողջ ժողովուրդը, ներառյալ արցախաբնակ մեր դիմադրող եղբայրներն ու քույրերը և հատկապես բանակը …
Այն  գնահատականները , որոնք հնչեցին Սերժ սարգսյանի ՝ մեր երկիրը ու ժողովուրդը «քոսոտ» պատկերացնող «պալատական արքունիքի» հետ հանդիպման  ժամանակ.  ամենատխմար եզրակացություններն էին, որոնք կարող էր անել նախագահի աթոռին բազմաց Ցռան Վերգոն Սասնա Ծռերի առաջին  գործողությունից հետո: Եվ քանի չեռ այդ աթոռին նստած է նա, նրա քաղաքական գաճաճ ոտքերը հատակին չեն հասնելու…Աթոռը շափազանց բարձր է իր համար և  սրացումները որքան էլ անցանկալի , սակայն մշտապես հնարավոր են…

Չմոռանանք որ առջևում երկրորդ արար ունենք՝ «փողզիջումներ» կոչվող խեղկատակության ծավալումը, որը լինելու է գաղութային ռեժիմի անփառունակ ավարտի գերեզմանափորը..

– Որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը։ Ինչպես գիտեք, այս պահին կալանավորված են մի խումբ ընդդիմադիրներ, «Նոր Հայաստան» շարժումը ներկայացնող քաղաքական գործիչներ։ Երևանում անցկացվող երթերը, կարելի է ասել, այլևս առաջնորդ չեն ունենում, Հիմանդիր խորհրդրարանը ելք ունի՞ այս իրավիճակից։   

Հիմնադիր խոհրդարանը գործում է ընդհատակից: Այո. նրա և նրա գործընկերների՝ Ժառանգության կուսակցության և Ոտքի Հայաստան քաղաքացիական շարժման առանցքային անդամներից և այլ համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի:

Սակայն ՀԽ-ն և Նոր Հայաստանը հասուն քաղաքական ուժեր լինելով ձևավորել են նոր որակի հայկական պետականության քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է, ձևավորել է շատ ավելի լայն Սասնա Ծռերի զանգվածային շարժում:

Կրկնեմ, ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների  միջև գործող  փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորոնոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում:

Սա է Սասնա Ծռերի այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և սփյուռքի համակրանքը, ուրեմն և  մասնակցությունը ՀԽ-ի և Նոր Հայստանի քաղաքական ծրագրերին …

Այս պահին պահանջներն են.

  • քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում
  • քազբանտարկյալների ազատում
  • Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում
  • քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապազ սկիզբ
  • ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում
  • Սերժ Սարգսյանի հրաժարական
  • արտահերթ ընտրություններ




Լրահոս