Մինչեւ հիմա էլ խոսում են, թե գուցե իմ ու Ժակի մեջ մի բան կա. Լուսինե Բադալյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով բոլորին ծանոթ հանրային անձինք կներկայանան իրենց էությանը բնորոշ նոր կողմերով, կպատմեն անձնական կյանքին առնչվող դրվագներ, որոնք քչերին են հայտնի, հնարավոր է` բացահայտեն նաեւ որոշ գաղտնիքներ: Այս անգամ մեր զրուցակիցը ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է (Լուլու):

-Լուսինե՛, ինչի՞ հետ են կապված ծննդավայրին առնչվող Ձեր առաջին հիշողությունները:

-Թեեւ Երեւանում եմ ծնվել, բայց ասեմ, որ մանկության հուշերս կապված են Այնթապ գյուղի հետ: Այնտեղի բույրը, տերեւների ու խոտերի վրայի ցողը, մայրամուտը չեմ կարող մոռանալ: Դպրոցական տարիքից սկսած մանկության հուշերս նոր կապվում են մայրաքաղաքի հետ:

13866821_1102983969782668_123108942_n

-Ձեր կյանքի ո՞ր շրջանը մի փոքր կվերափոխեիք:

-Ուսանողական տարիները: Անպայման կօգտագործեի արտերկրում կրթություն ստանալու իմ հնարավորությունները: Հիմա փորձում եմ այդ բացը լրացնել, բայց արդեն ուշ է:

-Չեք կարող անտարբեր անցնել…

-Տխուր, սրտնեղած մարդկանց կողքով: Անպայման փորձում եմ մխիթարել ու աջակցել:

-Հանրային անձ լինելու ամենամեծ դժվարությունը:

-Անընդհատ մարդկանց հսկողության տակ լինելը: Երբ երիտասարդ էի, ուզում էի ապացուցել, որ հնարավոր է երկակի կյանք վարել` լինել մարդ, որը ապրում է հասարակության համար, եւ մարդ, որը ապրում է իր համար: Սակայն դա գործնականում իրականացնել հնարավոր չէ:

-Աշխատանք, որ կատարել եք եթերից դուրս:

-Քանի որ մասնագիտությամբ արվեստաբան եմ, պատմություն եմ դասավանդել դպրոցում, մասնակցություն եմ ունեցել կրթական ծրագրերի: Իսկ, առհասարակ, ինձ համար կարեւորը աշխատանք ունենալն է. դա մեծ պատիվ եւ շնորհ է մարդու համար:

13883886_1102983979782667_524529989_n

-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:

-Ոչինչ: Թեեւ խոստովանեմ, որ մանկուց թուլություն ունեի կապույտ աչքերի նկատմամբ, եւ ինձնից 30 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցեմ, որ գեղեցիկ է այն, ինչ շնորհել է բնությունը: Հիմա ինձ զվարճացնում է այն հանգամանքը, որ որդիս «տառապում է» նույն այդ թուլությամբ:

-Մարդկանց խայթոցների դեմ Ձեր դեղամիջոցը:

-Ինքս զգացմունքային մարդ եմ եւ չեմ կարող ձեւացնել, թե դրանք ինձ վրա չեն ազդում: Բայց նման պահերին իմ մեջ արթնանում է քրիստոնյան, եւ ես սպասում եմ, որ ժամանակը ամեն բան գցի տեղը:

-Մարդկային որակ, որը Ձեզ հունից հանում է:

-Սեփական կարծիքից վախեցող տեսակը: Երբ մարդը մոլորության մեջ է, դա ոչինչ, բայց երբ նա իր իսկ եզրահանգումներից խուսափում է, դա անընդունելի է: Միեւնույն ժամանակ, ինձ հունից հանում է այն տեսակը, որը հարյուր տոկոսով վստահ է, թե ինքը ճիշտ է:

13884446_1102983966449335_86808976_n

-Ձեր քայլերը, երբ հայտնվել եք մի երեկույթում, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում:

-Մի անկյունում հանգիստ նստում եմ, վայելում եմ երաժշտություն եւ աշխատում եմ ուշադրություն չգրավել:

-Կանացի թերություն, որը կարելի է նաեւ առավելություն համարել:

-Պարզամտությունը, ոչ խորամանկ լինելը:

-Երբեք չեք հրաժարվի…

-Մի բաժակ ջրից:

-Հատկություն, որ տղամարդիկ միշտ նկատում են Ձեր մեջ:

-Կանացիությունը:

-Ամուսնուն Ձեր կողքին պահելու գաղտնիքը:

-Նրան ազատ, բաց թողնելը: Առհասարակ, կյանքում ցանկացած բան, ինչից կառչում ես, վաղ թե ուշ ձեռքիցդ փախչում է:

-Ձեր ականջին հասած բամբասանք, որի վրա մինչեւ հիմա ծիծաղում եք:

-Այն, որ ժամանակին բոլորին թվում էր, թե ես Ժակի (հաղորդավոր Հակոբ Պապիկյան) կինն եմ, մինչեւ հիմա էլ խոսում են այն մասին, թե, այնուամենայնիվ, գուցե իմ ու Ժակի միջեւ ինչ-որ բան կա:

13883678_1102983973116001_735372972_n

-Դժվարություն, որը կոփեց:

-Իմ կյանքը երբեք հարթ չի անցել: Ամենաթարմ ու ծանր դժվարությունը կապված էր ամուսնուս առողջական խնդիրների հետ: Նրա հետ դժվարին ճանապարհ անցա, որը համարում եմ հաղթահարված:

-Լուսինե՛, եւ վերջին հարցը` փող թե՞ փառք

-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. սեր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս