Սերժ Սարգսյանն ընդունել է Վլադիմիր Սպիվակովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երևանում հանդես են եկել համերգով:
Այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի ,Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքե միջոցառումների շարքը: 
Համերգները կայանում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երևանյան հրաշալի համերգի համար, որից, ըստ նրա, բազմաթիվ հիացական արձագանքներ կան:
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում:
Այդ առումով կարևորվել է նաև Գյումրիի այսօրվա գալա համերգը: Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին ևս:
Վլ. Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս:
Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել:
 




Լրահոս