Ալավերդիի «Մանես» բարեգործական հիմնադրամի լուծարումից հետո քաղաքում գործող թվով 6 մանկապարտեզներ փակվել են: Իսկ Ալավերդիի քաղաքապետարանը բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի քաղաքային բյուջեով կարողանա կատարել մանկապարտեզների ծախսերը: Արդյունքում մանկապարտեզների փակման պատճառով Ալավերդիում դժգոհությունների ալիք է բարձրացել:
Նշենք, որ Ալավերդու «Մանես» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին: Հիմնադիրներն են «Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Ջանիբեկի Մեջլումյանը, Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Համլետ Թամազյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Սարգսի Երիցյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Մանես» բարեգործական հիմնադրամը դեռեւս փետրվարի 22-ից դադարեցրել է Ալավերդիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի, սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների սննդի վարձավճարների, Մադան թաղամասից թիվ 5 դպրոց տեղափոխվող աշակերտների տրանսպորտային ծախսերի, սոցիալապես անապահով 100 բնակիչների բարեգործական ճաշարանի եւ հիմնադրամով նախատեսված մյուս ծախսերը: Սա ալավերդցիների մոտ դժգոհության ալիք է առաջացրել, հատկապես որ այդ ամբողջի ֆինանսավորումը Ալավերդիի քաղաքապետարանը չի կարող իրականացնել:
Ալավերդցիներն իրենց դժգոհությունը փոխանցեցին «Ժողովուրդ»-ին: Նրանց պատմելով՝ քաղաքապետը խոստացել է, որ թիվ 4 եւ թիվ 6 մանկապարտեզները կգործեն միայն օգոստոսի 1-ից, 1-ական խառը խմբերով եւ միայն աշխատող մայրերի համար: Մանկապարտեզների փակումը Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը բնակիչներին պատճառաբանել է քաղաքային անբավարար բյուջեով: Նշենք, որ Ալավերդին ունի թվով 6 մանկապարտեզ, երեխաների թիվը 420 է, աշխատողների թիվը՝ 78, դաստիարակների թիվը՝ 36:
Քաղաքապետը մանկապարտեզների փակման հետ կապված հայտարարել է, որ դրանց ծախսերը չի կարող ֆինանսավորել այն պատճառով, որ քաղաքապետարանն իր ամբողջական դոտացիան այս տարի 100 տոկոսով չի ստացել: Նա նշել է, որ վարչական բյուջեի «այլ դոտացիաներ» տողով նախատեսվել է պետբյուջեից 2016 թվականին Ալավերդի համայնքին հատկացնել 65 մլն դրամ, սակայն դրանից 34 մլն դրամը չի հատկացվելու՝ քառօրյա պատերազմի հետեւանքով պետբյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով: Այս խնդիրը լուծելու նպատակով քաղաքապետ Փարեմուզյանը ինքնուրույն մշակել է քաղաքային բյուջեն խնայելու ծրագիր: Նա մասնավորապես մշակել է քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի խնայողաբար վճարման ծրագիր, որով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական 6 ՊՈԱԿ-ներից 4-ը հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը փակվել են:
Ըստ այդմ, քաղաքապետարանի նախադպրոցական 6 ՊՈԱԿ-ների մոտ 100 աշխատողներ կզրկվեն հուլիս, օգոստոս ամիսների իրենց աշխատավարձից: Երաժշտական դպրոցների ուսուցիչները սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների մեկ դրույք աշխատանքի դիմաց կստանան կես դրույք աշխատավարձ: Երկու գրադարանների 10 աշխատողների նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով եւ կդառնա 27 հազար դրամ: Իսկ քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով նվազեցվել է նրանց խնդրանքով եւ դիմումով (նման աբսուրդ երեւի թե անհնար է որեւէ այլ երկրում): Սակայն քաղաքապետի՝ ե՛ւ դոտացիային վերաբերող հայտարարությունը, ե՛ւ բյուջեն խնայողաբար օգտագործելու ծրագիրը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ամենեւին էլ դուր չի եկել, ինչին հաջորդել է մարզպետի հայտարարությունը՝ Ալավերդիի քաղաքապետարանը 100 տոկոսով չի ստացել դոտացիան:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը Ալավերդի քաղաքի ավագանու անդամ Գագիկ Էվոյանից տեղեկացավ, որ մանկապարտեզների փակման եւ քաղաքային բյուջեի խնայողության ծրագրի վերաբերյալ ավագանու նիստ չի գումարվել, եւ քաղաքապետի այդ նախաձեռնությունը չի քննարկվել: Այսինքն՝ քաղաքապետը այստեղ ինքնուրույն է գործել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ, սակայն վերջինս լսելով մանկապարտեզների վերաբերյալ հարցը՝ կոպիտ տոնով պատասխանեց, որ չի կարող խոսել եւ պահանջեց հարցերը գրավոր ուղարկել: Իսկ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ վերջինս կա՛մ խորհրդակցության էր, կա՛մ մարզպետարանում չէր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹՈՇԱԿԻՑ ՉԵՆ ԶՐԿԵԼ
Ի պատասխան լրատվական կայքերից մեկում տեղադրված ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից եւ նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ. հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը եւ զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգեւավճար:
Օգոստոս ամսվա կենսաթոշակի եւ պարգեւավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին: ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում: Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին: Սոցիալական աջակցության որեւէ ծրագրից օգտվելու համար Խանդոյանների ընտանիքը հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն եւ ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը չի արել:
Հավելենք, որ 29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը այցելել է սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն եւ ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Gofudme.com կայքը նախաձեռնել է դրամահավաք, որը նպատակ ունի օգնել Արցախի ազատամարտի հերոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին: Կայքը տեղեկացնում է, որ արդեն իսկ դրամահավաքին միացել է 460 մարդ, սակայն թիվը մշտապես փոխվում է, իսկ գումարն արդեն հատել է 18 հազար դոլարի սահմանը:
ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել եւս 5 տուժած։ Երեկվա դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետեւանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում հինգ հոգի են։