ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՀԱՐՆԵՐԸ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՌԻԹՄԵՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Ալին Գոյանի «Կռունկ» արգելված տեսահոլովակը (լրատվամիջոցները ավելի վաղ հրաժարվել էին եթերում ցուցադրել այն, փոխարենը հոլովակը մեծ տարածում էր գտել օնլայն տիրույթում), որը արծարծում է մի շարք խնդիրներ, օրինակ` այն, որ կրոնը, իշխանությունը եւ հասարակությունը գնալով հեռանում են միմյանցից, մարդիկ ագրեսիվ են իրար հանդեպ եւ անհանդուրժող, վերջին 15 օրերին առավել ակտուալ էր դարձել: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է այդ թեմայի շուրջ, անդրադարձել նրա ստեղծագործական ծրագրերին:

-Ալի՛ն, «Կռունկ» տեսահոլովակում մենք տեսնում ենք խոսքի ազատության ճնշման հետեւանքով կարված բերան, իրավապահների արյունոտ ձեռքեր եւ այլն: Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս է հնարավոր արդիական այս խնդիրները հանգուցալուծել, եւ ի՞նչ է պետք, որպեսզի հասնենք այն մակարդակին, որ արվեստի միջոցով դրանց մասին բարձրաձայնելը չարգելվի:
-Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել քաղաքացիների բարձր իրավագիտակցության ձեւավորմանը, որն էլ իր հերթին կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը: Իսկ քաղաքացիական հասարակության հիքմերից մեկն էլ առանց կապանքների արվեստի առկայությունն է: Արվեստը պետք է բարձր արժեքներ ձեւավորի եւ օգնի մարդասիրական հարաբերությունների կերտմանը, ինչն էլ որպես ելակետ ընկած է իմ հոլովակի հիմքում: Դա է իմ ստեղծագործական կրեդոն:
-Դուք փորձում եք Կոմիտասի ստեղծագործությունները նորովի մեկնաբանելով, դրանց ժամանակակից ռիթմեր հաղորդելով` հասցնել երիտասարդներին. որքանո՞վ է այդօրինակ արտադրանքը մատչելի թիրախային լսարանի համար:
-Այսօր ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ աշխարհի երիտասարդությանը հետաքրքրում են ժամանակակից գործիքավորումներն ու մոտեցումները: Համագործակցելով ժամանակակից երաժշտության ոլորտում ճանաչված եւ սիրված երիտասարդ երաժիշտների հետ` մենք ժողովրդական ստեղծագործությունները ներկայացնում ենք ժամանակակից ընթերցմամբ, իհարկե, պահպանելով դրանց հիմնական կառուցվածքը: Ուստի այդ ստեղծագործությունները` իբրեւ ազգային երաժշտություն, հոգեհարազատ են հայ երիտասարդներին, եւ, միեւնույն ժամանակ, իբրեւ երիտասարդական մշակույթ, իրենց ընկալմամբ ժամանակակից են եւ ըմբռնելի: Եվ այսօր կարող եմ փաստել, որ ժամանցային վայրերում երիտասարդները հաճույքով լսում են ժողովրդական գոհարները էլեկտրոնային ռիթմերի մեջ:
-Արդեն հայտնի է, որ ռեփեր Միշոյի հետ եք համագործակցել: Դուք բավական տարբեր ժանրեր եք ներկայացնում: Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք համագործակցել:
-Համագործակցության մտահղացումն ու առաջարկը եղել է իմը, որն էլ Միշոն սիրով ընդունել է: Ստեղծագործությունը, որը կոչվում է «Կանչէ կռունկ», տեղ է գտել դեռեւս նախորդ տարի լույս տեսած իմ առաջին համանուն երաժշտական ալբոմում, որտեղ ժողովրդական երգերը ներկայացված են տարբեր ժանրային մշակումներով` ռոքից, դասականից մինչեւ էլեկտրոնային ռիթմեր։ Կարծում եմ` բավական հետաքրքիր աշխատանք է ստացվել, որտեղ կրկին արծարծվում են այն սոցիալական խնդիրները, որոնք այսօր առկա են։ Երգի ամբողջական տարբերակը համացանցում դեռ չենք տեղադրում, կներկայացնենք միայն այն դեպքում, երբ կնկարահանվի տեսահոլովակը, քանի որ այդ կերպ երգի գաղափարն ավելի լավ կհասնի լսարանին:
-Բացի այդ տեսահոլովակը` հիմա էլ ի՞նչ ստեղծագործությունների, նախագծերի վրա եք աշխատում:
-Շարունակվում է նաեւ «Օպերա Վիվա» նախագիծը, որի շրջանակներում համագործակցում ենք փորձառու երաժիշտների հետ, աշխատում ենք նոր երգերի ստեղծման վրա։ Ունենք մի շարք հրավերներ արտերկրից եւ այս տարի համերգներով կմեկնենք Իսրայել եւ Ռուսաստան։
-Երգարվեստում Ձեր առաքելությունը ո՞րն եք համարում: Այն ժանրը, որը Դուք եք ներկայացնում, ի՞նչ ապագա ունի Հայաստանում:
-Յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետի առաքելությունն է ծառայել ժողովրդի բարձր պահանջմունքներ մշակելուն, օգնել մաքրելու ցածրաճաշակ երաժշտությամբ խճողված դաշտը, որպեսզի կրտսեր սերունդը ապահովվի միայն որակյալ եւ ճաշակով երաժշտությամբ: Մեր բոլորի ձգտումը պետք է լինի աշխատել այդ ուղղությամբ: Փորձում ենք չշեղվել բարձր արժեքային կողմնորոշումներից՝ միեւնույն ժամանակ չմոռանալով, որ պետք է համընթաց քայլել արագ զարգացող ժամանակի հետ: Համոզված եմ, որ Հայաստանը, ինչպես եւ նախկինում, կդառնա բարձր մշակութային արժեքների օրրան:

 

 

 
«ԿՌՎԱԽՆՁՈՐ»-Ը ԿՐԿԻՆ ԵԹԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞

Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին «նեղը գցող» եւ սուր հարցադրումներով աչքի ընկնող սկանդալային «Կռվախնձոր» հաղորդումը եթերում չէ, բայց քիչ չեն հեռուստադիտողները, որոնք պահանջում են, որ այն թեժ քննարկումները, որոնք ծավալվում էին էկրանից այն կողմ, վերսկսվեն:

«Ժողովուրդ»-ը «Կռվախնձոր»-ի հաղորդավար Մարինա Թագակչյանից հետաքրքրվեց` արդյոք ծրագիրը կրկին կլինի եթերում: Ամիսներ առաջ կրկնակի մայրացած երգահանը մեզ տեղեկացրեց, որ հավանաբար սեպտեմբերին հաղորդումը կվերադառնա եթեր: «Կռվախնձոր»-ի բովանդակային մասը, ըստ նրա, մնալու է նույնը, սակայն ֆորմատային առումով այն որոշ փոփոխությունների կենթարկվի: Մենք հարցրինք` արդյոք հաղորդումը Մարինայի հետ կրկին վարելու է Տիգրան Հարությունյանը. «Ո՛չ, ունենալու եմ այլ գործընկեր, որը շատ հայտնի ու սիրված մեկն է, իսկ թե ով, դեռ չեմ կարող ասել»,-պատասխանեց նա:
Մարինայի խոսքով` քանի որ 2014-ին ծնվեց իր առաջնեկը, իսկ ամիսներ առաջ էլ` երկրորդ դուստրը, նա ֆիզիկապես հնարավորություն չունեցավ վերադառնալու եթեր. «Պլանավորել էի նախորդ սեպտեմբերին վերադառնալ աշխատանքի, բայց չստացվեց. արդեն սպասում էի երկրորդ երեխայիս»,-ասաց նա:
Մարինան խոստովանեց, որ իրենից շատերն են հետաքրքրվում` ինչ ճակատագիր է ունենալու հաղորդումը. «Հետաքրքիր է, որ թեեւ ես այլ հաղորդում էլ եմ վարել, եւ, վերջիվերջո, երգահան եմ, բոլորն ինձ ճանաչում են «Կռվախնձոր»-ից: Դա, իհարկե, ուրախալի է, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, որպես երգահան ավելի արժեքավոր գործ եմ կատարել»,-նկատեց նա:
Մարինան նաեւ անկեղծացավ` նշելով, որ իր ասպարեզի ներկայացուցիչը իրավունք չունի երկար ժամանակ բացակայելու էկրաններից, այլապես ուղղակի մոռացության կմատնվի. «Այնպես որ, թեեւ դժվար է երեխաների խնամքը աշխատանքի հետ համատեղելը, մտադիր եմ ամեն բան անել, որ վերադառնամ»,-հավելեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
«Այբ» դպրոցի երգչախումբը առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու է օգոստոսի 27-31-ը Հունաստանի Պատմոս կղզում անցկացվող հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնին: 18 անդամներից բաղկացած երգչախումբը ներկայանալու է Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Երվանդ Երկանյանի, Դանիել Երաժիշտի ստեղծագործություններով: Դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ակնկալում է, որ փառատոնը նոր փուլ կբացի երգչախմբի առաջխաղացման ճանապարհին: Նա, սակայն, տեղեկացրել է, որ դեռեւս առկա են որոշ ֆինանսական խնդիրներ: «Մեր բոլոր կրթական ծրագրերն իրականացվում են բարերարների աջակցությամբ, եւ ցանկացած մի նախագիծ, որը դուրս է մնում մեր կրթական գործընթացից, հավելյալ աջակցության կարիք է ունենում: Այդ իսկ պատճառով այժմ դիմել ենք հանրության աջակցությանը, որ հնարավոր լինի գոնե ճանապարհածախսը հոգալ, իսկ Հունաստանում կացության ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները»,-եզրափակել է Արամ Փախչանյանը:

 

 

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻՑ՝ ԵՐԵՎԱՆ
Երգչուհի Էմմին ամառային հանգստի շրջանում ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան եւ աշխատում է նոր երգի ու տեսահոլովակի վրա։ News.am style-ի փոխանցմամբ` երգը գրել է Նիկ Եգիբյանը: Ինչ վերաբերում է խոսքերին, ապա հիշեցնենք, որ երգչուհու շուրջ հավաքված թիմը նախ օգնություն էր խնդրել սոցցանցերի իրենց էջերին հետեւող օգտատերերին՝ առաջարկելով տարբերակներ գրել մեկնաբանություններում։ Սակայն գործը, ի վերջո, գլուխ է բերել մի շարք հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։ Նիկի եւ Էմմիի` սոցցանցերի էջերում հայտնված լուսանկարներից կարելի է կռահել, որ ստեղծագործությունը կոչվելու է «Լոս Անջելեսից Երեւան», եւ սպասվում է ռիթմիկ երգ ու պոզիտիվ տեսահոլովակ։
 

«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ԴԱՎԻԹԸ
Ամերիկյան Visionaire նորաձեւության բլոգի առաջատարները Սանկտ Պետերբուրգի բնակիչներին առաջարկել են Միքելանջելոյի Դավիթի արձանի կրկնօրինակին նշանավոր բրենդերի հագուստ հագցնել։ Արդյունքում այնպես է ստացվել, որ Դավիթը «կրել է» Vetements, Dsquared 2, J.W. Anderson, Off-White եւ Raf Simons բրենդերի հագուստ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում մուլտիմեդիա ցուցահանդեսի շրջանակներում հայտնվել էր Դավիթի արձանի պլաստիկ պատճենը: Դավթի մերկությունը, սակայն, առաջ էր քաշել բնակչուհիներից մեկի զայրույթը, եւ այն ժամանակավորապես փակվել էր գլխարկով։




Լրահոս