Գևորգ Կոստանյանը հրաժարվե՞լ է քաղաքացիական հագուստով անձանց «մաքրել» քրգործերից. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2013 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազ նշանակված 39- ամյա Գեւորգ Կոստանյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ նախագահին` պաշտոնապես հայտնելով, թե առողջական խնդիրներ ունի: Նկատենք, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում չէր եղել ոչ մի իրադարձություն, որը կհուշեր Գեւորգ Կոստանյանի հնարավոր հրաժարականի մասին:

Իհարկե, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների օրերին Գեւորգ Կոստանյանն արձակուրդում էր` Հունաստանում, սակայն անգամ վերադարձից հետո հրաժարականի հարցը որեւէ կերպ չէր դիտարկվում, քանի որ առավել առաջնային հրաժարականի պահանջներ էին բարձրացվում: Եւ ուրեմն ինչո՞ւ նա հրաժարական ներկայացրեց: Նկատենք, որ նշանակման օրվանից Գեւորգ Կոստանյանը հասցրեց թշնամանալ գրեթե բոլոր շրջանակների հետ` սկսած իր` նախագահականի երիտթեւից, վերջացրած ուժային կառույցների ղեկավարներով: Նա չէր ընդառաջում խնդրանքները, անգամ ԱԺ պատգամավորներն ու նախարարները որեւէ հարցով դատախազին դիմելու իմաստ չէին տեսնում` քաջ գիտակցելով, որ մերժվելու են:

Եւ հասկանալի է, որ այս «չոր» պահվածքը մի օր ունենալու էր իր հետեւանքը: Ու եկավ այդ պահը: Երբ հանգստից վերադարձած Կոստանյանը եռանդով հրահանգեց քրեական գործեր հարուցել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնություն կատարած քաղաքացիական համազգեստով անձանց նկատմամբ, իրավիճակը պայթեց: Ըստ ամենայնի, Կոստանյանին բացատրվել է, որ քաղաքացիական հագուստով անձանց պետք է «մաքրել» քրգործերից, նրանք չպետք է պատժվեն, այլ մեղադրյալներ պետք է լինեն միայն արդեն կալանավորվածները: Գլխավոր դատախազն էլ որոշեց հրաժարական տալ` դրանով փաստելով, որ այդ պաշտոնն իր համար «սրբավայր» չէ, եւ դատախազության շենքից էլ դուրս եկավ հետնամուտքով` չհամբուրելով դուռը:

Թեեւ, եթե նա իսկապես սկզբունքային պաշտոնյա էր, պարտավոր էր մնալու եւ պայքարելու, բայց… հանձնվեց` հիասթափեցնելով երիտասարդ գործիչների հետ հույսեր կապողներին: Նկատենք, որ պաշտոնավարման 3 տարիների ընթացքում Կոստանյանը հասցրեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնալ իր տված «տղամարդու» խոստումով, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով սպանել էր Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, «դատվելու է Հայաստանում»: Այդպես էլ եղավ` Պերմյակովը, որի համար դատախազը պահանջելու է ցմահ ազատազրկում, «դատվեց» Հայաստանում: Ինչը նշանակում է, որ Կոստանյանն իր «տղամարդու խոստումը» կատարեց ու լքեց պաշտոնը` իր տեղը ժամանակավորապես զիջելով ԳԴ տեղակալ Արմեն Հարությունյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս