ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Լիլիթ Գալստյանը: Նման որոշում է կայացվել անցած շաբաթ կայացած ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ ժողովում։
Այս առնչությամբ, ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի տտարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
“Երեւանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, վերջինիս պատճառներին եւ հետեւանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։
Ժողովը միաժամանակ հաստատեց իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երեւանցիների վստահությունն ամրացնելու, զարգացող Երեւանի, պաշտպանված եւ իրավատեր երեւանցու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու, քաղաքացիների մեջ բարոյական քաղաքականության, ժողովրդավարական արժեքների հաղթանակի նկատմամբ համոզումի հաստատման ուղղությամբ։
ՀՅԴ Երեւանի կառույցը լիարժեք օգտագործելու է իրեն վերապահված քաղաքական մարմնի լիազորություններն ու գործառույթները տեսանելի ներդրում ունենալու Երեւան քաղաքի եւ երեւանցիների համար կենսական խնդիրների բարձրացման ու լուծման, մայրաքաղաքում սոցիալական արդարության եւ հանրային համախոհության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ։
Երեւանի խնդիրների շուրջ տեսակետների բյուրեղացման եւ համախոհների շրջանակը ընդլայնելու նպատակով ՄԿ-ն նախաձեռնելու է հասարակակական-քաղաքական խորհրդակցությունների, կլոր սեղանների շարք՝ համագործակցության եզրեր գտնելու մայրաքաղաքի խնդիրներով մտահոգ ՀԿ-ների եւ հասարակական-քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ։ Ճշտված առաջնահերթությունների եւ համաքաղաքային հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ ՄԿ-ն հնարավոր գործակցության ձեւաչափեր է որդեգրելու նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ։
Իրավագիտակից, ժողովրդավարության եւ ազգային պետության արժեքներով կողմնորոշված քաղաքացի ձեւավորելու հեռանկարով ՄԿ-ն կնախաձեռնի նաեւ քաղաքական դպրոց-ակումբի հիմնադրման աշխատանքներ”: