Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Արարատի քաղաքապետի ընտրություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայացած ընտրություններից հետո, որտեղ ՀՀԿ-ական թեկնածուն հաղթել է ԲՀԿ-ական թեկնածուին, հանդես է եկել ուղերձով:
Ուղերձում ասվում է.
“Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայացած՝ քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բազմահազար արարատցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության թեկնածուին:
Ձեր ձայները, ձեր կամքի եւ քաղաքական գիտակցության դրսեւորումը եւ, վերջապես, սեփական քաղաքի եւ պետության հանդեպ սրտացավությունն ու պատասխանատվությունն ինձ տալիս են ավելի մեծ եռանդ ու հավատ, որ մենք միասին ի զորու ենք լինելու շենացնել մեր երկիրը, վերականգնել մեր գյուղերն ու քաղաքները, կասեցնել արտագաղթը, Հայաստանում հաստատել արդարություն:
Դա պետք է անենք մենք բոլորս. ոչ ոք մեր փոխարեն մեր օջախի լույսը վառ չի պահելու:
Ես ուզում իմ շնորհակալությունը հայտնել նախընտրական շտաբին՝ նման բարդ պայմաններում կազմակերպված աշխատանքի եւ գրանցած արդյունքի համար:
Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական թիմին՝ գրագետ եւ կոռեկտ քարոզարշավի համար:
Ես իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության երիտասարդական կառույցներին, հարյուրավոր կամավորներին, ովքեր օրեր շարունակ ցուցաբերեցին կուռ կամք եւ լուրջ թիմային աշխատանքի պատրաստվածություն:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի արարատցիներ: Առանց պայքարի հնարավոր չէ հասնել մեծ հաջողությունների: Իսկ պայքարը չի լինում առանց խոչընդոտների եւ դժվարությունների:
Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք մեր երկրում՝ Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն  այն ապագայի, երբ մարդիկ չեն մտածի օր առաջ հայրենիքը լքելու մասին”:




Լրահոս