«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս օգոստոսի երեքին գրել էր, որ Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը:
Այսօր պարզ դարձավ, որ մեր հրապարակումից հետո ծառայողական քննության արդյունքում կասեցվել է եղբայր Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները։
Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանը ՈԶ հրամանատար է դարձել 2012-ին: Դրանից հետո նա ՈԶ-ում պաշտոնների է նշանակել ինչպես հարազատներին, այնպես էլ ընտանիքի անդամներին: Նրա դուստրը եւ որդին՝ Իրինա եւ Խաչիկ Երանոսյանները, նույնպես ՈԶ պաշտոնյաներ են: Ոստիկանության զորքերը փաստացի դարձել է Երանոսյանների ընտանեկան կապալը, ինչի համար էլ նրանք գերդաստանով անմոռաց մարտնչում են ՀՀ քաղաքացիների դեմ»: