Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի և հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ընդհանուր ծավալով 2014 թվականից ի վեր Քաշաթաղի շրջանը մեր հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղը: Նախագահն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի ավարտից հետո ԼՂՀ որևէ շրջանում երբևիցե չի հավաքվել 2016 թվականին Քաշաթաղում հնձված հացահատիկային մշակաբույսերի ծավալը գերազանցող համախառն բերք:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը հետագա տարիներին ևս բարձր բերքատվություն ապահովելու ուղղությամբ:

Այնուհետև Բակո Սահակյանը մասնակցել է Իշխանաձոր գյուղում կառուցված նոր բնակելի թաղամասի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև ներկա գտնվել երիտասարդ զույգերի հարսանյաց հանդեսին:

Նախագահն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, այստեղ ժողովրդագրական իրավիճակի հետևողական բարելավումը Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման առանցքային բաղադրամասերից է և շարունակելու է մշտապես լինել իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս