Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Մաշտոցի պողոտայում, շատերի համար անսպասելի էր: Իհարկե, երկրում առկա ծանրագույն սոցիալական վիճակն ի վերջո կարող էր հանգեցնել նման ընդվզման կամ ինքնաբուխ պոռթկման, սակայն ոչ ամենեւին այն տեսքով եւ ոչ ամենեւին այն մարդու առաջնորդությամբ, ով երեկ մի խումբ «դուբինկայավոր» կողմնակիցների հետ փորձեց երթով գնալ Բաղրամյան 26-ը գրավելու: Առհասարակ` Շանթ Հարությունյանի հայտարարած այս «հեղափոխությունը» զարգացավ բավականին հետաքրքիր կերպով: Իր ոչ հավասարակշիռ քաղաքական պահվածքով հայտնի գործիչը նախ հայտնվեց Ազատության հրապարակում, ապա մի ամբողջ շաբաթ տարաբնույթ հայտարարություններ արեց` սկսած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գողանալուց եւ ԿԳԲ տանելուց, ավարտած երկրում սահմանադրական կարգը խախտելու կոչերով, ինչին, սակայն, հայրենի իրավապահները եւ ԱԱԾ մարմիններն արձագանքեցին քար լռությամբ: Երեկ էլ, մինչ հայտնի երթը, Հարությունյանը հայտարարեց, որ իրենք զինված են պայթուցիկներով, բենզինի շշերով եւ փայտերով, նաեւ խոստացավ անհրաժեշտության դեպքում անցնել ավտոմատներով պայքարի: Միով բանիվ` մարդը հրապարակավ քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ արեց: Եվ նորից` հայրենի ոստիկանությունը որեւէ քայլ չձեռնարկեց մինչեւ այն պահը, երբ Շանթն ու նրա կողմնակիցները նախահարձակ եղան: Մի կողմ թողնելով այն, թե որքանով են արդարացի Շանթի առաջադրած պահանջները (իսկ դրանք միանգամայն արդարացի են), երեկ բոլորին հուզում էր այն հարցը, թե ովքեր են կանգնած այս ամենի հետեւում, եւ որն է նրանց նպատակը: Շրջանառվող տարբերակները հիմնականում երեքն էին: Տարբերակ 1. ԱՄՆ եւ Արեւմուտքը: Նպատակը` Մաքսային միությանն անդամակցող Հայաստանում ներքին իրավիճակի առավելագույն ապակայունացումը` նվազագույնը Սերժ Սարգսյանին պատժելու, առավելագույնը երկրում իշխանափոխություն իրականացնելու ծրագրով: Տարբերակ 2. Ռուսական հատուկ ծառայությունները (չնայած այն բանին, որ Շանթը հայտնի է իր հակառուսականությամբ, ավելի ճիշտ` հենց այդ պատճառով), որոնց նպատակը Հայաստանը` որպես պետություն, վերջնականապես կազմաքանդելն է` կոտրելու համար ԼՂՀ հարցում սպասվելիք զարգացումներում ՀՀ հնարավոր դիմադրությունը: Եվ ի վերջո` տարբերակ 3. Այս ամենը կազմակերպվել էր ՀՀ իշխանությունների եթե ոչ աջակցությամբ, ապա առնվազն թողտվությամբ: Նպատակը` հեղափոխության գաղափարի անլրջացումը (հաշվի առնելով Շանթի պահվածքն ու հայհոյախառն հայտարարությունները), վերահսկվող ներքին անկարգությունների գործոնն առաջիկա ճակատագրական զարգացումներում օգտագործելու անհրաժեշտությունը: Թե իրականում որ տարբերակն է ճիշտ, դժվար է ասել: Սակայն հիշելով մարտի 1-ին քնած ցուցարարների ձերբակալությունները եւ այդ ամենը համադրելով օրը ցերեկով «դուբինկաներով» եւ բենզինով լի շշերով զինված Բաղրամյան 26-ի վրա գնացող «հեղափոխականների» հանդեպ իրավապահների պահվածքի հետ, պատասխանը, կարծես թե, ծնվում է ինքնին:
ԱԿՆՀԱՅՏԸ` ԱՆՀՆԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ