«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի` հոկտեմբերի 31-ին սկսած «հեղափոխական պայքարը» երեկ կասեցվեց: Ժամը 17:10-ի սահմաններում նա եւ իր շուրջ հավաքված մի քանի տասնյակ համախոհները` դիմակներով, փայտերով եւ պայթուցիկներով զինված, փորձեցին Ազատության հրապարակից երթով գնալ Բաղրամյան 26` իրականացնելու իրենց խոստացած «բենզինով շշերի հեղափոխությունը»: Սակայն րոպեներ անց բախվեցին ոստիկանության հետ, եւ «հեղափոխությունն» ավարտվեց ձերբակալություններով:
ՊԵՏՔ Է ՀԱՐԱՄՎԻ
«Հեղափոխությունը սկսվել է, ովքեր իսկապես ցանկանում են եւ իրենց մեջ ունեն այդ ուժերը, թող գան Ազատության հրապարակ եւ միանան հեղափոխականներին»,-ուղիղ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Շ. Հարությունյանը: Անցած օրերին նրան միացողների թիվը, սակայն, խիստ սակավ էր: Ու թերեւս նաեւ դա էր պատճառը, որ պատկան մարմիններն ուշադրություն չդարձրին Շ. Հարությունյանի հետեւյալ հայտարարությանը. «Կոնկրետ ես պատկերացնում եմ, որ քայլերից մեկն այսպիսին կլինի: Ասում են՝ Պուտինը գալու է դեկտեմբերի 2-3-ին, անձամբ ես ներքուստ հավատում եմ, որ ինքը կգա, ու այդ ժամանակ ակտիվ գործունեության արդյունքում այնպես պիտի անեմ, որ Պուտինը նախագահականում բանակցություններ վարելիս այնպիսի իրավիճակում հայտնվի, որ Պուտինի անվտանգությունն ապահովելու համար նրան Սերժը փախցնի նախագահականից, տանի մի այլ ապահով վայր, ենթադրենք՝ կառավարության շենք, հետո այդտեղ էլ տեսնեն, որ չեն ապահովում Պուտինի անվտանգությունը, փախցնեն, ասենք, ԿԳԲ, հետո ԿԳԲ-ի շենքը կգրավեն հեղափոխականները, ու Պուտինը կտեսնի, որ Հայաստանում իր անվտանգությունը երաշխավորված չէ, միանգամից կգնա օդանավակայան ու օդանավակայանում էլ կասի՝ Սերժին ձերբակալե՛ք, ինքը պրովոկատոր է, Սերժի հրաժարականը հենց օդանավակայանում խփի. դա իմ համար ծրագիր է, որը, պարտադիր չէ, ճշգրիտ այդպես լինի»:
Եվ ահա երեկ նա որոշեց սկսել իր պլանի իրագործումը` Բաղրամյան 26 գնալով: Բայց մինչ այդ հանդես եկավ մի քանի ոչ պակաս ուշագրավ հայտարարություններով: «Մինչեւ Սերժը ս… չլինի Հայաստանից, մեր երկիրը չի դզվելու: Մենք արժեքներ ենք բերում Հայաստանին: Մենք դաստիարակվել ենք փողոցում, ընտանիքում, դպրոցում ու գիտենք՝ հայրենասիրությունն ինչ է նշանակում, դուխն ինչ է նշանակում, ազատությունը, հավասարությունն ինչ է նշանակում, ու տենց պիտի լինի: Աշխարհի բոլոր երկրներում էլիտան ներկայացնում են լավագույն տղերքը: Հիմա Հայաստանում եթե լավ տղերք չկան՝ էս բ-ական իշխանությունները տապալեն, ուրեմն սաղ Հայաստանում բ-եր են ապրում: Ես, ավելի լավ է, բենզինի շշերը ձեռս էթամ մեռնեմ, թող սնայպերը խփի ինձ, չեմ ուզում Հայաստանից էթամ»,-տեսախցիկների առջեւ ասաց ցեղակրոն «հեղափոխականը»:
Շ. Հարությունյանը նաեւ նշեց, թե ինքն ու իր կողմնակիցները, «բացի բենզինով լի շշերից, քարից, փայտից ու ռագատկից, մարգանցովկա բրոնզից, այլ զենք չունեն», ապա զգուշացրեց. «Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի մնաց, ավտոմատով, զենքով կռվելու է իրանց դեմ: Մենք՝ հեղափոխականներս, չենք ուզում արյունահեղություն»: Այս խոսքերից հետո նա հենց ոստիկանների ներկայությամբ իր որդուն հագցրեց զրահաբաճկոնը, ապա ինքը հագավ, ուղեկցողներին հորդորեց պայթուցիկները վերցնել, եւ Ազատության հրապարակից Գայ Ֆոքսի «հեղափոխական» դիմակներով «Անոնիմուսների երթ»-ով շարժվեց դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները փակեցին Մաշտոցի պողոտան ու պահանջեցին, որ «հեղափոխականները» փողոցը հատեն թույլատրելի վայրից` անցումից, ինչից հետո Հարությունյանի կողմնակիցները սկսեցին բենզինով լի շշեր եւ պայթուցիկներ նետել ոստիկանների ուղղությամբ: Ավելին, երբ Շ. Հարությունյանը «թողե՛ք հլը» բացականչությամբ հարձակվեց ոստիկանների վրա, նրա կողմնակիցները միացան` սկսելով փայտե «դուբինկաներով» ծեծել ոստիկաններին: Բախումից վիրավորվեցին լրագրողներ, անցորդներ, ոստիկաններ եւ ակտիվիստներ:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեցին, թե ոստիկանների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք կա, ուստի ագրեսիա դրսեւորողներին պետք է բերման ենթարկել: Ի վերջո, ոստիկանները տարան Շանթ Հարությունյանին, Ալեն Սիմոնյանին (ավելի ուշ ազատ արձակեցին), Վիլեն Գաբրիելյանին, Կարեն Հարությունյանին, Վահագն Սինանյանին եւ մոտ 35 ակտիվիստների: Երեկոյամ Դավիթին, Կարենին եւ Վահագնին ձերբակալեցին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ ոստիկանների նկատմամբ դիմադրություն ցույց տալը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման արդյունքում տուժել է 9 հոգի, որոնք տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ. վիրավորներից 8-ը ոստիկան է: Գանգուղեղային վնասվածք է ստացել 16 տարեկան մի տղա: Երեկոյան ոստիկանության բաժին էին գնացել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Զուրաբյանը եւ բազում քաղաքացիներ:
Թե ում «ականջներն» էին այս ամենի հետեւում, առայժմ դժվար է ասել, սակայն տեղի ունեցածը լուրջ ահազանգ է, որ քաղաքական ուժերը եւ ընդհանրապես երկրի վիճակով մտահոգ մարդիկ հասկանան, որ եթե ՀՀ-ում իրավիճակը չփոխվի, նման «պոռթկումները» եւ ուղղորդված սադրանքներն առաջիկայում ակտիվ բնույթ կկրեն: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորվեց հայտնի «7-ի գործով», սակայն պատիժը չկրեց: Նրան ուղարկեցին հոգեբուժարան՝ հարկադիր բուժման:
Հ.Գ. 1 Զարմանալի զուգադիպությամբ` երեկ Օպերայի հարակից սրճարանից քայլելով Ազատության հրապարակ եկան ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու են եկել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ձեներ լսեցինք, ասեցինք գանք, տենանք՝՝ ինչ եղավ: Զարուհի Փոստանջյանն էլ էր եկել»:
Հ.Գ. 2 Երեկ՝ ուշ երեկոյան, ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ բախումների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնի գործողություններ կատարելը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներին սպասելն անիմաստ է՝ տո՛ւն գնացեք: