ՏԱՄՈԺՆԻՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին (Տամոժնի Գագո) պատկանող Ucom ընկերության մեջ իր «ուրույն» մասնաբաժինն ունի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ու նաեւ նրա միջնորդությամբ է, որ նախօրեին Ucom-ը Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատոր դարձավ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից: Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա:
ՔԵՖ ԷՐ ԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Սյունիքի մարզի նորընտիր պատգամավոր Արմեն Կարապետյանը քեֆ էր կազմակերպել իրեն պատկանող «Ոսկե Կապան» ռեստորանային համալիրում՝ նշելու բաղձալի մանդատ ստանալու առիթը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ա. Կարապետյանի խնջույքին ներկա են եղել իր մտերիմները, մի շարք ՀՀԿ-ականներ, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն ու նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Կարապետյանը պատգամավոր է դարձել այսօրվա մարզպետի փոխարեն:
ԿԱՑՆՈՎ ՍԿԵՍՐԱՅՐԸ
Նոյեմբերի 2-ին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, արտառոց դեպք է տեղի ունեցել Դավթաշեն վարչական շրջանում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տանը վիճաբանել են հարսը, սկեսրայրը եւ թոռնիկը: 76-ամյա Միրզան փորձել է կացնով սպանել հարսին եւ թոռանը. նա, կոտրելով տան պատուհանները, հարվածել է հարսին, որը լուրջ վնասվածքներ է ստացել: Իրավիճակն այնքան է թեժացել, որ հարեւանները չեն կարողացել հանդարտեցնել կողմերին: Ստիպված գործին խառնվել են ոստիկանները:
ԱՌԱՋԱՏԱՐԸ` ԱՆՓՈՓՈԽ
Forbes պարբերականը կազմել է 2013թ. ամենաազդեցիկ ձեռնարկատերերի ցանկը: Արդեն որերորդ տարին այն գլխավորում է Microsoft-ի համահիմնադիր 58-ամյա Բիլլ Գեյթսը (ԱՄՆ), որի կարողությունը գնահատվում է 72 միլիարդ դոլար: Ցանկում հայտնված 12 ազդեցիկ ձեռնարկատերերի մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում կամ Ասիայում եւ ներկայացնում է տեխնոլոգիական սեկտորը: