Համակարգը խժռեց իր երիտասարդին. Գևորգ Կոստանյանի հրաժարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականն անակնկալ էր հասարակական-քաղաքական շրջանակների համար, նշանակում է` ոչինչ չասել: Իսկ որ կատարվածը սովորական իրադարձություն չէ, միանշանակ է: Ի վերջո, Կոստանյանը Սերժ Սարգսյանի ամենավստահելի պաշտոնյաներից էր ու ենթարկվում էր բացառապես նրան:

Ոչ արժանահավատ

Ու այս համատեքստում պետք է նշենք, որ պաշտոնական` առողջության հետ կապված խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմումի վարկածին որեւէ մեկը չի հավատում: ,Մի բան կաե այս ձեւակերպումը թեւածում է ամենուր: Որքան էլ պաշտոնական լրահոսը ձգտեն հագեցնել ուժային ոլորտներում արված հին ու նոր փոփոխությունների հայտարարություններով, միեւնույն է, նկատելի է, որ դատախազի հրաժարականը սովորական բան չէ:

Նախ հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը համարվում է նախագական երիտթեւի ներկայացուցիչը, որը նշանակվեց դատախազ` ուժեղացնելու այդ թիմը եւ բարձրացնելու նախագահի հեղինակությունը: Այդ ճանապարհին Կոստանյանը առճակատման դուրս եկավ բոլորի` իրավապահ համակարգի ղեկավարների, քաղաքական ու հասարակական դեմքերի, անգամ իր հարազատների հետ: Ու հասկանալի էր, որ հակադրությունների ճանապարհով գնացող դատախազը երկար չէր կարող գործել: Կա՛մ պետք է երկրում իրավիճակ փոխվեր, որպեսզի քրեական տարրերի խնդրանքները մերժող պաշտոնյան դառնար պահանջված, կա՛մ պետք է նա հեռանար:

Մինչեւ երեկ նկատելի էր, որ գլխավոր դատախազին ազատ ու անկաշկանդ գործելու քարտ բլանշ էր տրված: Անգամ անձեռնմխելի թվացող պաշտոնյաների հասցրեց ,կուլ տալե: Ու հատկապես այս փուլում, երբ լարվածության ֆոնին հասարակական նոր պահանջ է ձեւավորվել` էլի շատ պաշտոնյաներին «կուլ տալու» մասով (փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գերդաստանից սկսած), պետք է դատախազն ավելի ակտիվ գործեր: Բայց դերասանության ժամանակներն անցան: Ուրեմն ի՞նչը կարող էր ստիպել նրան հրաժարական տալ:

Պալատական խարդավանքներ

Նկատենք, որ արձակուրդից վերադառնալուց հետո Գեւորգ Կոստանյանը չի պատկերացրել, որ երկրում իրավիճակ է փոխվել: Եւ նախկին էնտուզիազմով նախ հուլիսի 30-ին ,Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքովե քրեական գործ հարուցեց, ապա նաեւ օգոստոսի 1-ին միանգամից երկու հաղորդագրություն տարածեց` մեկը «Օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործերը պահանջվել են ԱԱԾ-ից եւ ՔԿ-ից եւ ուղարկվել ՀՔԾե, երկրորդը` ,Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար»:

Այս հանդգնությունը չներվեց դատախազին, քանի որ ուժային մյուս կառույցների ղեկավարներն այստեղ արյան գնով Սերժ Սարգսյանի իշխանությունն են պահել, հանկարծ հանգստից վերադարձած Կոստանյանը որոշել է պատժել ինչ-որ մեկի: Ահա, այսպես, ըստ ամենայնի, գլխավոր դատախազը քաղաքական հրահանգ է ստացել ցուցարարներին բանտերում պահելու, իսկ ուժային կառույցներին ու քրեական տարրերին քրեական գործերից մաքրելու մասով:

Կոստանյանը, հաշվի առնելով տարիքը, որոշեց առայժմ չվարկաբեկվել այդքան` մի նոր մարտի 1 վերցնելով իր ուսերին եւ վերջնականապես հեղինակազրկվելով: Դրա համար էլ գնաց մի քանի ամսով ,թայմ աութիե: Ինչու ,թայմ աութե, որովհետեւ հասկանալի է, որ կադրերի սով ունեցող իշխանական այս համակարգում Կոստանյանն առաջիկայում այլ պաշտոն կունենա, բայց արդեն լիովին գիտակցելով, թե ինչն է կարելի, ինչը` ոչ:

Այսպիսով՝ փլվեց այն միֆը, թե երիտասարդները գալիս են նոր ավյունով, նոր ավանդույթներով ու բարեփոխված: Չկա նման բան: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող ռեալ վտանգ կա, ուրեմն բոլորն էլ դառնում են նույն գազանը` անկախ տարիքից, կրթությունից ու փորձից: Մեր երկրում ոչինչ էլ չի փոխվելու:

Բայց Գեւորգ Կոստանյանն իր հրաժարականով նախ ցույց տվեց, որ այնքան էլ ուժեղ չէ, ինչպես ցույց էր տալիս, որ ի վիճակի չէր պայքարել` իր դիրքորոշումները գերիշխող դարձնելու համար, նա հանձնվեց ու ընդունելով խաղի կանոնները՝ հեռացավ:

Իրավական խառնաշփոթ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի հետ կապված բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, որը փաստում է, թե ինչպես են ՀՀ իշխանությունները սեփական վախերով պայմանավորված իրավական շիլաշփոթներ ստեղծում` իրենց ղեկավարությանը պարտադրելով անօրինական գործողությունների:

Այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազության կայքում երեկ հրապարակված հաղորդագրության մեջ նշված էր. ,ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, եւ ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորություններըե:
Թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա, քանի որ ,Դատախազության մասինե ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը եւ նույն դրույթի 2-րդ ենթակետը սահմանում են.

,1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահինե: Բայց նախագահին դիմում է ներկայացնում, որ ինչ անի, չէ՞ որ ՀՀ գլխավոր դատախազին իր պաշտոնում նշանակում եւ ազատում է ՀՀ Ազգային ժողովը: Նախագահը չի կարող ստորագրել

Այլ կերպ ասած՝ եթե Սերժ Սարգսյանը որոշի Կոստանյանի հրաժարականը հաստատող որեւէ փաստաթուղթ ստորագրել կամ այլ իրավական քայլ կատարել, ապա կչարաշահի իր պաշտոնեական դիրքը, քանի որ չկա որեւէ օրենք, որը նրան իրավունք է տալիս գլխավոր դատախազի հրաժարականն ընդունել, եւ այդ տեսանկյունից կանոնակարգում է գործընթացը:

Մյուս կողմից՝ ՀՀ Սահմանադրությունը եւ ,ԱԺ Կանոնակարգե օրենքը հստակ կանոնակարգում են գործընթացը: Նախ նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման եւ ազատման հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն հին խմբագրմամբ Սահմանադրությամբ:

ԱԺ-ն պետք է ընդունի հրաժարականը

Բանն այն է, որ փոփոխված Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ դատախազության մասին 8-րդ գլուխը ,ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթներըե: Այսինքն՝ հին Սահմանադրության 103-րդ հոդվածը գործում է, ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազին նշանակում է ԱԺ-ն` հանրապետության նախագահի առաջարկությամբ: ,ԱԺ Կանոնակարգե ՀՀ օրենքի 97-րդ հոդվածը սահմանում է գլխավոր դատախազի ինչպես ընտրության, այնպես էլ հրաժարականի կարգը:

Մասնավորապես, հրաժարականի կարգը սահմանված է նշված դրույթի 6-րդ մասում ,Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում տվյալ անձը գրավոր դիմումով՝ ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին. բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունվածե: Այլ կերպ ասած՝ ,ԱԺ կանոնակարգե օրենքով Գեւորգ Կոստանյանը դեռեւս փոշմանելու հնարավորություն ունի:
2 դատախազներով

Հավելենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության պահանջները պահպանելու դեպքում Գեւորգ Կոստանյանը մեկ ամսից ավել էլ դեռեւս պետք է պաշտոնավարի: Ու եթե Գեւորգ Կոստանյանը խորհրդարանին հրաժարական չներկայացնի, ապա օրենսդիրն իրավունք չի ունենա նորին նշանակել: Հակառակ դեպքում իրավական տեսանկյունից Հայաստանը կունենա երկու գլխավոր դատախազ՝ մեկը նա է, որին ԱԺ-ն նշանակել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ին եւ այդպես էլ պաշտոնանկ չի արել, եւ մյուսը՝ 2016-ի աշնան նշանակածը:

Եւ իրավական տեսանկյունից քանի դեռ խորհրդարանը չի ընդունել Գեւորգ Կոստանյանի հրաժարականը, նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ՝ անկախ իր ցանկությունից:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուներ՝ մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական Հրայր Ղուկասյանը:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս