Եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ մի երկու խոստում կտա` հլու-հնազանդ կլսեն, կմոռանան, չարաչար սխալվում է. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ԱԱԾ առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկության որոշումը:

Ինչո՞վ էին պայմանավորված այս հրաժարականները, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից:

-Պարո՛ն Եղիազարյան, երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ձեր կարծիքով ինչո՞ւ այժմ որոշեց նման քայլի գնալ: Գուցե Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են պատճառը:

-Իմ կարծիքով հրաժարականը կապված է «Սասնա ծռեր»-ի գործողության հետ, եւ միգուցե գլխավոր դատախազը մտածել է, որ այսպես ապրել էլ չարժի, դրա համար որոշել է ինքնակամ հեռանալ, որպեսզի վաղը մյուս օրը պատասխանատվության չենթարկվի:

-Իսկ ուրիշ ի՞նչ պատճառներ կարող էին լինել, որոնք կդրդեին Կոստանյանին հեռանալ համակարգից:

-Այլ խնդիրների մասին չեմ կարող ասել, բայց մենք Ձեզ հետ այսօր ապրում ենք այլ Հայաստանում: Այն ինչ-որ եղավ մեր երկրում, այդ ցնցումները փոքրիկ երկրի համար հսկայական էին: Մինչեւ այսօր դրանք շարունակվում են, եւ հին տաղերով, հին սազերով, հին խոստումներով ոչ մի բան չի ստացվելու: Եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ մի երկու խոստում կտա, հլու-հնազանդ կլսեն, հետո կմոռանան այդ ամեն ինչի մասին, չարաչար սխալվում է, այդպես չի լինում, որովհետեւ այդ ամեն ինչից հետո ավելի վատ բան կլինի, որպես կանոն, այդպես է:

«Սասնա ծռեր»-ն այդ ամեն ինչը դրեց մեկ այլ հարթության վրա: Դրա մասին շատ է խոսվել, դրա մասին խոսվում է արտասահմանում, շուրջ 46-47 քաղաքներում մարդիկ դուրս են եկել` ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի: Հարցրեք Սերժ Սարգսյանին` լավ, այդ արտասահմանում երկու-երեք հայ չկա՝ ի օգուտ իրեն երկու բառ խոսա: Դա համընդհանուր կարծիք է: Դուրս եկեք փողոց, տեսեք՝ ինչ են խոսում, հոգնած, զզված են մարդիկ:

-Պարո՛ն Եղիազարյան, ամեն դեպքում, Ձեր կարծիքով ճի՞շտ էր նման որոշումը հենց այս ժամանակահատվածում:

-Ուղղակի մի բան կարող եմ ասել. այդ տղան աչքիս բարձրացավ իր հրաժարականով:

-Երեկ նաեւ Սերժ Սարգսյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվեց պաշտոնից: Ձեր կարծիքով սա ինչի՞ հետեւանք էր, եւ նման պաշտոնանկությունները շարունակական կլինե՞ն:

-Այս պաշտոնանկությունն այսօր չպետք է լիներ. պետք է լիներ Նորք-Մարաշի այն հայտնի ահաբեկչական խմբի բացահայտումից անմիջապես հետո: Ես 28 կետ առանձնացրեցի, որոնք չէին համապատասխանում իրականությանը, իմ այդ առանձնացրած կետերից հետո ոչ մեկն ինձ չի ասել՝ գիտեք ինչ, այստեղ սխալվել եք, այնտեղ սխալվել եք: Կիսատ-պռատ մի փորձ եղավ, ես էլ պատասխանեցի, որ այդ մարդիկ ոչ միայն իրենց գործը չեն իմանում, այլ նույնիսկ կինոնկար չեն նայել, չգիտեն, թե ինչ բան է ահաբեկչություն, ինչպես են վնասազերծում, ինչ մեթոդներ են կիրառում, ինչի վրա են ուշադրություն դարձնում:

Այն, ինչ որ մեզ ներկայացրեցին կիսատ-պռատ, լուն սարքել էին ուխտ եւ ներկայացրեցին, որ սրանք 11 ինքնաձիգներով պետք է արյան ծով սարքեին Երեւանը, պետք է գրավեին Բաղրամյան 26-ը, բոլորին վերացնեին, մորթեին: Սրա մի տարին անցավ, ի՞նչ են արել: Այդ ժամանակ պետք է առաջին տեղակալի հարցը լուծեին, ուշացվել է: Իսկ նրա հարցը չեն լուծել, որովհետեւ նա լրջագույնս պաշտպանություն ունի: Սրա մարդ լինելով, նրա մարդ լինելով՝ այդ վիճակի մեջ են գցել:

Կուտոյանին, նոր մարդ լինելով, ոչ մի բան չեմ ասելու, որովհետեւ ժամանակ է պետք: Այդ հին կարկառուն տեղակալը պետք է դրանով զբաղվեր: Այդ է պատճառը, որ մեր փոքրիկ Հայաստանը վերածվել է լրտեսների, հայատյաց գորշ գայլերի հանգստավայր:

Սերժ Սարգսյանին շատ կարճ ժամանակ է տրված, որովհետեւ մարդիկ իր ասածներին էլ չեն հավատում: Մենք 8-ը տարի միայն ու միայն խոստումներ ենք լսում, կատարումը չենք տեսել դեռ: Այն, ինչ վերաբերում է ծեծուջարդին, այլանդակություններին, եղել է: Գնդապետ է, չէ, ի վերջո, զոհվել, բայց տեսեք ազգաբնակչությունը ինչպես է հարգում, մեծարում «Սասնա ծռեր»-ին, դա ինչի արդյունք է, մենակ մի բանի, որ առավելագույնս իրեն չեն սիրում: Ինչ-որ չի արել այս 8 տարվա մեջ, երկու ամսում պետք է հասցնի կատարել:

զրուցեց Արփինե Թովմասյան




Լրահոս