Ինչու է նվազել հացի արտադրությունը. ինչ են փաստում վիճակագիրներն ու ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի, հացի, մակարոնեղենի եւ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 16.7 տոկոսով նվազել են: Մակարոնեղենի արտադրության ծավալները նույնպես նվազել են՝ 0.4 տոկոսով, հրուշակեղենինը՝ 2.8 տոկոսով: Իսկ, ահա, հացի արտադրության ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում նվազել են 2.2 տոկոսով:

Մասնագետների գերակշիռ մասը այս միտումը պայմանավորում է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է:

Առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության ծավալների նվազման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանի եւ «Սեւանի հացի արտադրամասի» տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետ: Նշենք, որ «Մանչո գրուպ»-ը զբաղվում է ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ, իսկ «Սեւանի հացի արտադրամասը»՝ հացի արտադրությամբ:

«Մանչո գրուպ»-ի գլխավոր տնօրեն Իվան Մոսոյան

-Պարո՛ն Մոսոյան, ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել այն մասին, որ այս տարվա հունվար-հունիսին ալյուրի արտադրության ծավալները 16.7 տոկոսով նվազել են: Ինչո՞վ եք պայմանավորում այս հանգամանքը:

-Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետեւ փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում: Իսկապես այդպես է: Բավականին շատ է ալյուրի պահանջարկը նվազել. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առնվազն 30 տոկոս եւ ավել նվազել է ալյուրի պահանջարկը: Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետեւ հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է:

Ալյուրի արտադրության ծավալների նվազմանը զուգահեռ գնե՞րն էլ են ընկել:

-Բնականաբար: Գների նվազման պատճառն այն է, որ այս տարի բավականին մեծ քանակությամբ բերք հավաքեցինք: Բայց բերքի ավելացման հետ մեկտեղ որակը բավականին ցածր է: Մեր ընկերությունը հիմնական մասը՝ 60-70 տոկոսը, ներմուծում է դրսից, իսկ մնացածը տեղականն է:

Սեւանի հացի արտադրամասի գլխավոր տնօրեն Աշոտ Ավետիսյան

-Պարո՛ն Ավետիսյան, պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հացի արտադրության ծավալները այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.2 տոկոսով նվազել են…

-Մեզ մոտ աճել են արտադրության ծավալները: Ավելի մանրամասը նշեմ. մեզ մոտ լավաշի արտադրության ծավալները աճել են, բայց հացի արտադրությունը՝ նվազել: Մեր ընկերությունը մոտ 60 հացատեսակ է արտադրում. լավաշի ե՛ւ արտադրության, ե՛ւ իրացման ծավալները աճել են մոտ երեք անգամ:

-Վերլուծե՞լ եք, թե ինչու են մարդիկ նախընտրում լավաշը:

-Լավաշը բարաքյաթով հաց է: Օրինակ՝ 1 կգ լավաշ օգտագործողը օգտագործում է մոտ 1 կամ 1.5 կգ հաց: Իսկ գնային տարբերությունն էլ հսկայական է, որովհետեւ լավաշը ավելի էժան է: Հացի մեջ խոնավությունը մոտ 40-45 տոկոս է, իսկ լավաշի մեջ՝ 10-12 տոկոս է: Մարդիկ դրա համար են ասում, որ լավաշը բարաքյաթով է:

-Լավ, Դուք պնդում եք, որ Ձեր ընկերության մասով հացի արտադրության եւ իրացման ծավալները չեն նվազել: Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԱՎԾ-ն հացի արտադրության 2.2 տոկոս նվազում արձանագրել:

-Պատճառը ստվերն է: Հացի գործունեությունը ստվերում է: Թխում, արտադրում են, բայց ցույց չեն տալիս, հսկողություն չկա: Մյուս կողմից այդքան փոքր արտադրություններին մեղադրել էլ հնարավոր չէ: Մարդիկ իրենց օրվա հացն են աշխատում, եթե շահույթը շատ լիներ, բնականաբար հարկային վճարներ էլ կտային: Այսօրվա ամենաէժան սննդատեսակը հացն է: Ընդհակառակը, այս ընթացքում հացի պահանջարկը պետք է ավելացված լիներ համեմատած մյուս սննդատեսակների հետ: Քանի որ հիմա մարդիկ հաց, պանիր ու կարտոֆիլ են ուտում: Ուղղակի թվերը չեն հրապարակվում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս