ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կժամանի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Այդ ֆորմատով նման հանդիպում տեղի կունենա առաջին անգամ: Հանդիպմանը կնախորդեն Պուտին-Ալիև և Պուտին-Ռոհանի երկկողմ հանդիպումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպման ժամանակ հիմնական թեման տրանսպորտային ծրագրերը կլինեն»,-ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է քննարկում Ռեշտ (Իրան) -Աստարա (Ադրբեջան) երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ, որը կապող օղակ կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համար:
Ուշակովը հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվում է 2008թ.-ից Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարության կողմից:
ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ օրակարգում են նաև առևտրա-տնտեսական ոլորտում եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Երեք երկրների նախագահները կարծիքներ կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք ակտուալ խնդիրների շուրջ: