Ըստ գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի՝ ոչ թե ընթերցողն է հեռացել գրականությունից, այլ գրականությունն է հեռացել ընթերցողից։
-Մենք ապրեցինք հսկայական փոփոխությունների մի ժամանակաշրջան, որը, իհարկե, արտացոլվեց մեր գրականության մեջ, բայց ոչ այն ընդգրկումով ու քանակով, որ ժամանակը պահանջում էր։ Ընթերցողը հեռացավ վատ գրականությունից, որ նրան հրամցվում էր, բայց այդ նույն ընթերցողը դեռեւս սպասում է լավ գրականության, լավ գրքի, գրական առումով լավ գործողությունների։ Այս տեսակետից շատ կարեւոր եմ համարում, որ մեր գրական կազմակերպությունը, ինչու չէ, նաեւ գրողը վերականգնեն իրենց վարկը հանրային գիտակցության մեջ։ Ամեն օր եթերում, թերթերում կարդում ես՝ սրա, նրա գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ։ Շնորհանդեսը կա, բայց գիրքը չկա. անանուն գրքեր են։ Այդպես միայն հեղինակների փառասիրությունն է բավարարվում. թերթում, եթերում երեւում են, կարծում են՝ գրող են։ Սա վարկաբեկիչ ճանապարհ է։ Պետք է սրանից հետո արդեն շեշտադրումը լինի լուրջ գրական արժեքների, գրականության շուրջ։ Իհարկե, միշտ էլ միջակներ, մեծ «գրական անուններ», պատահականներ եղել են, բայց ոչ իշխող, ոչ եղանակ ստեղծող։ Դրա համար պետք է իրոք լուրջ գրողների շրջանակը նեղացնել, գրական աշխարհի մի քանի կարեւոր դեմքերի հանդեպ տանել արտակարգ հոգատար քաղաքականություն. գրողը զգայուն մարդ է, շուտ վիրավորվող, չեղած բանից կարող է նեղանալ, խրտնել։ Այս տարիներին իմ նպատակն է եղել գրական չափանիշը միշտ բարձր պահելը, եւ ունեմ իմ ընթերցողը, իմ գրքերով հետաքրքրվողները։ Ի դեպ, շատ են նաեւ իմ գրքերից արտագրողները։ Ես ինձ պարտավորված եմ զգում գրելու մեր այն գրողների մասին, ովքեր գրականություն են ստեղծում, մեկի մասին հասցնում եմ, մյուսի մասին՝ ոչ, բայց ծրագրերիս մեջ կան, ես ուզում եմ իմ գրական ժամանակը իմ միջով անցկացնելով՝ նաեւ ներկայացնել։ Սա յուրաքանչյուր քննադատի պարտականությունն է, որովհետեւ ես նաեւ այդ գրականության մասնակիցն եմ ու պատասխանատվություն եմ կրում ապագա սերունդների առջեւ։
-Ինչպիսի՞ գրականություն է հիմա իշխում մեզ մոտ, կա՞ ընդհանրապես իշխող գրականություն հասկացողություն. միջակություննե՞րն են, պատեհապաշտնե՞րը, յուրահատուկ մի քանի նախադասություն ասող-ավարտողնե՞րը։ Ինչպե՞ս պետք է նրանց դեմն առնել։
-Նախասիրությունները տարբեր են։ Ես ընդունում եմ գրական բոլոր ոճերն ու ուղղությունները, եթե դրանց հետեւում լուրջ գրողն է կանգնած, բայց իմ սերը, գուրգուրանքը, առավելագույն կարողությունները նվիրել եմ ու կնվիրեմ մի տասնյակ անունների, ում մասին գրել եմ, ում ստեղծագործությունները գրախոսել եմ: Նրանց մասին հոդվածներ եմ գրել, էլի կգրեմ։ Բայց մեր խնդիրն այսօրվա այս մեծ գրական խոտանի ճանապարհը փակելը պիտի լինի։ Փակել ճանապարհը երեւի թե հեշտ չէ, բայց պիտի կարողանալ գոնե լուրջերին անլուրջից տարբերել։ Պիտի ոչ թե դեմն առնենք (ես դա ընդհանրապես չեմ ընդունում), այլ նրանց արածի գնահատականը տանք… Իսկ եթե անորակին, խոտանին, վատին բարձր գնահատական ենք տալիս եւ լավը անտեսում, արդեն կորցնում ենք չափանիշը։ Ընդ որում, ես ոգեւորված չեմ նաեւ այսօրվա սփյուռքի գրականությամբ, այնտեղ հիմնականում այստեղից գնացած միջակություններն են կամ այնտեղի՝ արդեն իսկ հետաքրքրություն չներկայացնող դեմքերը։ Ես մի քիչ ավելի լուրջ վերաբերմունք ունեմ օտարագիր հայ գրողների հանդեպ, ովքեր գրում են անգլերենով, այլ լեզուներով։ Օրինակ՝ Փիթեր Բալաքյանն անգլերեն է գրում. «Ճակատագրի սեւ շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը» գրքերը շատ լավն են, շատ լավ բանաստեղծ է: Կնշեի նաեւ Դայանա Տեր-Հովհաննիսյանին, ով նույնպես անգլերեն է գրում… 2010թ. հրատարակեցի մի գիրք՝ «Ամերիկահայ անգլիագիր բանաստեղծներ», տողացի թարգմանություններն արեց Արմենուհի Ղալաչյանը, իսկ ես գրել եմ առաջաբանները եւ վերածել գեղարվեստական թարգմանության՝ բնագրային հավատարմությամբ։ Շատ լավ հեղինակներ կան…
ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱ, ԲԱՅՑ ԳԻՐՔԸ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ