Երեկ` օգոստոսի 7-ին, Երևանի իր բնակարանում ինքասպան է եղել 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանը, ով ԱԱԾ աշխատակից էր:
ArmLur.am-ի թղթակցին Ղահրամանյանի հարազատները վստահեցրին, որ կատարվածն աշխատանքային գործունեության հետ որևէ կապ չունի: Նրանց խոսքով, ըստ նախնական վարկածի, ԱԱԾ աշխատակցին նման քայլի կարող էին դրդել սոցիալական խնդիրները:
Ըստ երևույթին` Խաչատուր Ղահրամանյանը պարտքեր է ունեցել կուտակած, ինչն էլ նրան դրդել է նման քայլի դիմել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները:
Նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խ.Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։