ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Նյու Յորքում կայացած Christie՚s աճուրդում 25 մլն դոլարով վաճառվել է Պաբլո Պիկասոյի «Կլոդ եւ Պալոմա» կտավը, որը ստեղծվել է 1950-ին: Այն վաճառվել է իր նախնական արժեքից կրկնակի թանկ գնով. նախատեսված էր վաճառել 12 մլն դոլարով: Կտավում պատկերված են նկարչի երեխաները՝ երեք տարեկան Կլոդը եւ երկու ամսական Պալոման: Նրանց մայրը նկարչուհի եւ գրող Ֆրանսուա Ժիլոն է: Աճուրդում վաճառքի են հանվել նաեւ Պիկասոյի 30 այլ աշխատանքներ, Վասիլի Կանդինսկու, Ալբերտո Ջակոմետիի, Ժոան Միրոյի, Էդվարդ Հոփերի եւ այլ վարպետների աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 150 նմուշ մոտ 170 մլն դոլար արժողությամբ:

ՀԱՅԵՐՆ ԻՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ
Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր համերգներից մեկի ժամանակ հայտարարել է, որ բոլոր հայերն իր բարեկամներն են: Երգչուհին, դիմելով հանդիսատեսին, ասել է. «Գիտեք, ես 10 տարի Օննո Թունչի (Հովհաննես Թունջբոյաջյան) հարսն եմ եղել: Այդ պատճառով աշխարհի բոլոր հայերն իմ բարեկամներն են»: Աքսուն նշել է, որ 1996-ին ավիավթարի հետեւանքով մահացած Օննոն իր կյանքի ամենամեծ սերն է եղել: Երգչուհու այս խոսքերը դահլիճը ծափահարություններով է ընդունել: Նշենք, որ Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ դրանք շատ անգամ կատարել է տարբեր բեմերում:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՍՏԱԿԵԼ
Հանրահայտ Beatles խումբն այս տարի 71 միլիոն դոլար է վաստակել։ Այդ թիվը ներառում է ոչ միայն խմբի ողջ եւ մահացած անդամների անհատական եկամուտները, այլեւ Beatles-ի ձայնագրությունների շարունակվող վաճառքից եւ շոուներից ստացված գումարները: Այս մասին հայտնում է Forbes-ը։
Իր եկամուտով առաջին տեղը զբաղեցնում է Փոլ Մաքքարթնին՝ 47 միլիոն դոլարով: Փոլի եկամուտը ստացվում է անհատական ելույթներից, որոնց միջոցով նա ամեն քաղաքից 4 միլիոն դոլարի եկամուտ է ստանում: Իր անժամանակ մահից ավելի քան 30 տարի անց Ջոն Լենոնը երկրորդ տեղն է զբաղեցնում` ձայնագրությունների վաճառքից եւ ռադիոյով թողարկումներից ստացած եկամուտով: Ռինգո Սթարը երրորդն է ցուցակում՝ 6 միլիոն դոլարով: Նա վերջին 15 տարիների ընթացքում 200 շոու է ունեցել եւ մեկ գիշերվա ընթացքում աշխատում է 300.000 դոլար: Ամենաքիչ գնահատված «բիթլը» Ջորջ Հարիսոնն է:




Լրահոս