ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՏԱՎ ՄԵԴԻԱ ԴԱՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում. պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու եւ սեփական PR-ն անելու համար: Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը: Մեր տեղեկություններով՝ վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձեւով չեն հակազդում: Իր ունեցած ռեսուրսներն էլ  բավարար չեն արդյունավետ հակաքարոզչության համար: Եվ ահա Ս. Սարգսյանը փորձել է լուծել այդ հարցը: Որոշվել է «ATV»-ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR-ով: Լուրի իսկությունը «Ժողովուրդ»-ը, իհարկե, փորձեց ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա, ինչպես միշտ, ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանն էլ ասաց, թե իրեն նման տեղեկություններ հայտնի չեն:




Լրահոս