ՀԱՑ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայ ժողովրդի ուշադրությունը շեղում են Մաշտոցի պողոտայում ծավալվող բախումներով, Հայաստանի շուրջ զարգանում են չափազանց վտանգավոր մարտահրավերներ, որոնց լրջության աստիճանի գիտակցությունը, ցավոք, բացակայում է օրվա հացի խնդիր լուծող ՀՀ քաղաքացիների մոտ: Առայժմ ամբոխներին քիչ հացի եւ օրեցօր աճող տեսարանների միջոցով բթացնող իշխանությունները, սակայն, հետզհետե դժվարանում են վերահսկել իրավիճակը Հայաստանի շուրջ: Բանն այն է, որ սեպտեմբերի 3_ից խելահեղ տեմպով ընթացող իրադարձությունները ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հանրային շրջանակները չեն հասցնում մինչեւ վերջ ընկալել` ադեկվատ  կերպով հակազդելու համար: Մեծ հաշվով, ոչ ոք չի հասկանում, թե ի վերջո ուր է մեզ տանում Սերժ Սարգսյանը, եւ թե ինչպիսին է լինելու այդ ամենի հետեւանքը: Իսկ իշխանական քարոզչամեքենան էլ շարունակում է «ուղեղների լվացումը»` լրատվական դաշտն անընդհատ ողողելով «տեսարաններով»` սկսած ակտիվիստական տարբեր բնույթի պայքարներից, ավարտած չկայացած «հեղափոխություններով», որպեսզի չձեւավորվի, հավաքական ձեւակերպում չստանա այդ հարցը: Եվ պետք է արձանագրել, որ հաջողվում է. այսօր Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ պատշաճ հանրային ուշադրությունը բացակայում է: Վերցնենք թեկուզ նոյեմբերի 2_ին Հայաստանի մեծ մասի համատարած հոսանքազրկման փաստը: Արդեն իսկ անդրադարձել ենք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի արտառոց հայտարարությանը, թե տեղի ունեցածը «արտառոց երեւույթ չէր»: Նախօրեին, սակայն, իրանական «Fars» գործակալության տարածած տեղեկատվությունը ցույց է տվել, որ կատարվածը ոչ թե արտառոց, այլ չափազանց արտառոց երեւույթ էր: Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը գործակալությանն ասել է, «Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտրաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»: Այսինքն` Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե վթարի պատճառը եղել է Իրանի էներգահամակարգից մեկուսացումը, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ինչպես է այդ հայտարարությանը պատասխանել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը. «Եթե անհրաժեշտ լինի, կմեկնաբանենք»: Այսքանը: Եվ այս կարեւորագույն հարցի հետ կապված՝ իշխանություններից պարզաբանումներ պահանջելու փոխարեն, այսօր ազգովի քննարկում ենք, թե որքանով էր կոռեկտ Շանթի բառապաշարը կամ որքանով էր ադեկվատ ոստիկանների արձագանքը: Ընկալման նույն մակարդակն է նաեւ պատերազմի դեպքում ռուսական զինուժի միջամտության մասին Գյումրու ռուսական բազայի ղեկավարի հայտարարության եւ Մաքսային միության շահերին հակասող քայլեր չանելու` ՀՀ ստանձնած պարտավորության դեպքում: Հայաստանի շուրջ օրեցօր օղակը սեղմվում է, մինչդեռ մենք բոլորս տարված ենք իշխանությունների մատուցած «տեսարաններով»:




Լրահոս