«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից-հարցազրույցների շարք, որոնց միջոցով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները կբացահայտվեն նոր, հետաքրքիր տեսանկյուններից: Նրանք կխոսեն այնպիսի թեմաների շուրջ, որոնց մասին, գուցե, նախկինում լռել են: Մեր հյուրերը կանդրադառնան իրենց էությանը բնորոշ գծերին, կբնութագրեն իրենք իրենց` կողքից նայելով սեփական դիմանկարին: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Գաբի Գալոյանի հետ:
-Գաբի՛, օրվա Ձեր ամենասիրելի հատվածը:
-Ուշ գիշերը, երբ բոլորը քնած են, իսկ ես արթուն եմ եւ միայնակ եմ: Հիմնականում այդ պահերին էլ երգելու մուսան այցելում է ինձ:
-Բույր, որը լավ տրամադրություն է հաղորդում:
-Խոտի, կանաչիի հոտը:
-Հագուստի նախընտրելի ոճը:
-Շատերի համար գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ հոգեհարազատ է սթրիթ սթայլը` հանգիստ եւ հարմարավետ: Ես մի մարդ եմ բեմում, բոլորովին այլ մարդ` առօրյայում:
-Գրքի հերոս, որը հոգեհարազատ է Ձեզ:
-Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի Սառան: Նրա էմոցիոնալ, ոչ ստանդարտ տեսակը երբեմն նմանեցնում եմ ինձ:
-Սեւակն ասում է` «Եթե ասեմ` բոց կլինի, եթե չասեմ` խոց կլինի»: Դուք ո՞ր տարբերակն եք նախընտրում:
-Չասելը: Ինքս կոնֆլիկտներ չեմ սիրում, առավել եւս չեմ ստեղծում:
-Ձեզ երբեմն խաբում է մարդու…
-Խոսքը: Շատ եմ վստահում մարդկանց, հավատում եմ նրանց, այնպես որ կարող եմ նաեւ խաբվել:
-Ո՞ր դեպքում եք մարդկանց հեռու վանում Ձեզանից:
-Երբ ինձ հետ անազնիվ են վարվում: Մարդկային հարաբերություններում շատ եմ կարեւորում նվիրվածությունը:
-Ո՞վ կարող է փչացնել Ձեր տրամադրությունը:
-Ասեմ, որ դա այդքան էլ հեշտ չէ, բայց տրամադրությունս փոխողը պետք է ինձ հարազատ մեկը լինի:
-Մի հատկություն, որ տղամարդիկ առաջինն են նկատում Ձեր մեջ:
-Կանացիությունը:
-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:
-Ես կփոխեի ոչ թե արտաքինս, այլ այն հանգամանքները, որոնք անմիջականորեն ազդում են իմ տրամադրության վրա, ինչի հետեւանքով էլ նման պահերին ես իմ աչքին տգեղ եմ երեւում:
-Ինքներդ Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:
-Սկյուռիկի (ծիծաղում է):
-Ամենաանհավանական խենթությունը, որ երբեւէ արել եք:
-Այնքան շատ են եղել նման դեպքեր: Օրինակ` օտար, եվրոպական երկրներից մեկում դասերից բացակայել էի, բայց որպեսզի այդ բացակայությունները չհաշվեին, բժշկի թուղթ էին ուզում, այդպես՝ ստիպված հաջողացրի կեղծ թուղթ ստանալ (ծիծաղում է):
-Ո՞րն է տղամարդկանց ամենաանտանելի բնավորությունը:
-Որոշների դեպքում` անողնաշար լինելը, իսկ, առհասարակ, խոստովանեմ, որ տղամարդկանց ավելի լավ եմ հասկանում, քան կանանց:
-Հասարակական առումով Ձեզ ակտիվ մարդ համարո՞ւմ եք:
-Երբ ժողովրդին վտանգ է սպառնում, ես ինքնըստինքյան մտնում եմ պայքարի մեջ, կանգնում եմ նրա կողքին:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Հավատարիմ մեկը: Ընդհանրապես, իմ ընկերների հետ ծանոթ եմ արդեն 10-15 տարի: Տարիներ են հարկավոր, որ տվյալ մարդու հետ մտերմանամ:
-Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ վեճի հիմնական թեման:
-Որոշ թեթեւ տարաձայնություններ ունենում եմ մորս հետ. դրանք հիմնականում առնչվում են արվեստի բնագավառին: Մայրս իմ առաջին քննադատն է եւ շատ դեպքերում չի համաձայնում այն ամենի հետ, ինչ ես անում եմ: Իսկ, առհասարակ, ես ինձ թույլ չեմ տալիս մեծերի հետ վեճի բռնվել:
-Երկրպագուի ծայրահեղ քայլ, որը չեք մոռացել:
-Մի սիրիահայ տղա առանց ինձ զգուշացնելու եկել էր մորիցս ձեռքս խնդրելու: Ես այդ ժամանակ երկրում չէի: Այդ տղան եկել էր, մորս հետ շփվել էին, մայրս էլ, բնականաբար, առանց իմ համաձայնության չէր կարող որեւէ որոշում կայացնել: Անկեղծ ասած` այդ տղայի քայլը մի փոքր զայրացրել էր ինձ, քանի որ չեմ սիրում նման ծայրահեղ արարքներ:
-Եթե կրկին աշխարհ գալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կերպարով կցանկանայիք ծնվել:
-Չեմ կարող կոնկրետ ասել, բայց կուզենայի, որ նա լիներ ինքնատիպ ու նպատակասլաց մեկը, որը, ինչպես եւ ես, կարող է զրոյից հասնել իր նպատակակետին:
զրուցեց Սյունէ Համբարձումյանը