Դեռեւս 2008թ. հետընտրական զարգացումների ժամանակ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը «հեղափոխությունը կխեղդի օրորոցում»: Իսկ նախօրեին էլ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը պատրաստվում էր հեղափոխություն անել, որը կասեցվեց: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: -Պարո՛ն Սարգսյան, Մաշտոցի պողոտայում լուրջ բախում է տեղի ունեցել հեղափոխություն անել ցանկացող մի խումբ մարդկանց եւ ոստիկանների միջեւ… -Իմ տեսակետն այն է, որ ոստիկանությունն այդպես էլ պետք է իրեն դրսեւորեր: Ի՞նչ ասել է հեղափոխություն: Այդ բառը մի քանի իմաստ ունի, մի քանի կերպ կարելի է հասկանալ, բայց ոչ թե հեղաշրջում: Այսինքն՝ զենքի ուժով, բռնությամբ հեղաշրջում կատարել: Կարծում եմ, որ դա քաղաքակիրթ ճանապարհ չէ, ու այս դեպքում ոստիկանությունը շատ ճիշտ է վարվել: -Այսինքն՝ ոստիկանության կատարած աշխատանքից գո՞հ եք: -Ինչի՞ մասին է խոսքը, այստեղ լավ կամ վատ աշխատելու մասին չէ խոսքը: -Շանթ Հարությունյանը մշտապես հայտարարել է, որ ինքը պատրաստվում է բենզինի շշերով հեղափոխություն կատարել, սակայն իրավապահ մարմինները չէին կանխում նրան… -Մինչեւ այդ երեւի օրենքով սահմանված ցույցերի, հավաքների հետ կապված որեւէ խախտում թույլ չի տվել, ասել էր, բայց երեւի լուրջ չէին վերաբերվել: Իսկ երբ արդեն ամեն ինչ լրջացավ, երբ սկսեցին զինվել, ինչ-որ տարբեր գործիքներ, փայտեր, կարծում եմ՝ արդեն ոստիկանությունը պետք է կանխեր ու կանխեց այդ ամենը: -Կարծիք կա, որ օրվա իշխանություններն են ժողովրդին նման վիճակի հասցրել: -Ես զերծ եմ մնում ուրիշ վերլուծություններ անելուց, ցանկացած երկրում էլ կարող են նման դրսեւորումներ լինել, իսկ ոստիկանությունն էլ իր ֆունկցիոնալ պարտականությունն է կատարել, այստեղ ես որեւէ արտասովոր կամ տարօրինակ բան չեմ տեսնում: -Եթե Դուք լինեիք ՀՀ ոստիկանապետ, նույնպե՞ս այդպես կվարվեիք ակցիայի մասնակիցների հետ: -Այսինքն՝ թույլ տային փայտերով գնալ նախագահի նստավայր ու այդ փայթուցիչները գցել նստավայրի բակո՞ւմ: Չի կարելի. ամեն տեսակի բռնի ուժով իշխանափոխության փորձ կատարողները, կարծում եմ, նման վերաբերմունքի պետք է արժանանան: Միգուցե ոստիկանությունը ծաղիկներով ուղեկցե՞ր, ի՞նչ եք ասում: Նման բան չի կարող լինել ոչ մի երկրում, մեր երկիրն էլ ներառյալ: