ՆԱԽԱՐԱՐԸ ԽՃՃՎԵԼ ԷՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 144 մլն 455 հզ. դրամը, որը «դուրս է գրվել» բանտարկյալների սննդամթերքի անվան տակ, պարզապես անհետացել է: Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ ամենի մեջ որեւէ տարօրինակ բան չի տեսնում, քանի որ, ըստ նրա, սնունդ ասվածի մեջ են մտնում նաեւ այլ պարագաներ, ուստի յուրացումների մասին խոսելն իրատեսական չէ: Մինչդեռ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը միանգամայն այլ բան է ենթադրել տալիս:
Նշված օրը նկարագրել էինք, թե ինչ իրավիճակ է տիրում «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում, որտեղ մարդիկ իրենց հարազատ բանտարկյալների համար սննդամթերք են բերում (տեսանյութ կա):
Ավելին, հարցում էինք արել ՀՀ արդարադատության նախարարությանը (ԱՆ), թե 2012թ. տվյալներով պետական բյուջեից դատապարտյալների սննդի համար որքան գումար է հատկացվել: ՀՀ ԱՆ-ից պատասխանել էին՝ 1 մլրդ 3 մլն 920 հզ. 500 ՀՀ դրամ հատկացվել է սննդի, իսկ 127 մլն 436 հզ. 200 ՀՀ դրամ՝ կենցաղային այլ պարագաների համար:
Իսկ ահա ՔԿՀՎ մամլո խոսնակը տեղեկացրել էր, որ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվում է 501 դրամ: «Ժողովուրդ»-ն իր 642-րդ համարում կատարել էր պարզ թվաբանական հաշվարկ՝ հիմնվելով պետական ատյանների տրամադրած պաշտոնական տվյալների վրա, ու արդյունքում պարզվել էր, որ մոտ 144 մլն 455 հզ. դրամը, որը «դուրս է գրվել» բանտարկյալների սննդամթերքի անվան տակ, պարզապես անհետացել է:
Բայց սա միակ հարցը չէ, քանի որ մեր երկրում բոլորին է հայտնի, որ բանտարկյալները կալանավայրերի սնունդից գրեթե չեն օգտվում, այլ սնվում են հարազատների կողմից բերված ուտելիքներով: Իսկ ո՞ւր են գնում չծախսված գումարները:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Հրայր Թովմասյանի հետ:
-Պարո՛ն Թովմասյան, «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, թե ինչ է կատարվում ՔԿՀ-ներում: Պաշտոնական թվերը, որ տրամադրել են ԱՆ-ն ու ՔԿՀ վարչությունը, հակասում են միմյանց: Ու արդյունքում 144 մլն 455 հզ. դրամը հօդս է ցնդել:
-Պետք է նշեմ, որ 1 միլիարդը, որը կոնկրետ տրամադրվել է դատապարտյալների սննդի համար, լայն հասկացողություն է: Դուք մի բան հաշվի չեք առել, որ մեկ միլիարդի մեջ մտնում են սննդամթերք եւ այլ պարագաներ` սկսած ատամի մածուկից, հիգիենիկ պարագաներից, անդրավարտիքից, մայկայից: Այդ 144 մլն 455 հզ. դրամը վերաբերում է այդ պարագաներին: Կրկնում եմ՝ դուք նշել էիք միայն սննդի փաստը, բայց դա երկու հոդված է նախատեսում` սնունդ եւ այլ պարագաներ: (Հիշեցնենք, որ նույն Թովմասյանի ղեկավարած գերատեսչությունից մեզ փոխանցել են այսպիսի թվեր. «Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ 2012թ. պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց (դատապարտյալներ եւ կալանավորներ) սննդի համար նախատեսված է 1 մլրդ 3 մլն 920 հզ. 500 ՀՀ դրամ, իսկ կենցաղային իրերի համար՝ 127 մլն 436 հզ. 200 ՀՀ դրամ»-խմբ.):
-Բայց մեզ տված պատասխանն ավելի քան հասկանալի էր, ու Ձեր ներկայացրած հիմնավորումը, մեղմ ասած, արդարացված չէ: Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն երեւույթը, որ դատապարտյալների հարազատները «պարկերով սնունդ» են բերում նրանց համար, որ սովամահ չլինեն: Բա պետական միջոցները որտե՞ղ են ծախսվում:
-Մենք դատապարտյալներին սնունդ տանելն ազատականացրել ենք 8-9 տարի առաջ:
-Բայց ա՞յս կարգի ազատականացում, որ հարազատներն անգամ հաց են տանում, սպիտակեղեն, ջուր…
-Այո՛: Դուք միայն եղել եք «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում: Բայց եթե գնաք «Սեւան» ՔԿՀ, այնտեղ կտեսնեք, որ ոչ մեկ ոչինչ չի տանում:
-Պարո՛ն Թովմասյան, մենք միայն փաստերով ենք խոսում: Փաստ է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրավիճակը լուրջ է:
-Որովհետեւ «Նուբարաշեն»-ում նախնական կալանքի տակ են, դեռեւս նոր են, ամենամեծ հոսքերն են: Այլ ՔԿՀ-ում Դուք նման բան չեք տեսնի:
-Ըստ Ձեզ՝ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվող 501 դրամ նորմա՞լ է:
-Այդ շրջանակներում հնարավոր է նորմալ կերակուրով ապահովել: Ներողություն, վերջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս