ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ Ո՞ՒՄ Է ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ Երեւանի փողոցներում արագաչափերի եւ տեսախցիկների ֆիքսած խախտումների հիման վրա այս տարվա 9 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիներից գանձվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք: Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն արդեն իսկ վերադարձրել է իր ներդրած 9 մլն 849 հազար եվրոյի գումարը, ու հաջորդ տարվանից ընկերության սեփականատերը, պատկերավոր ասած, ոչ թե գրպանները, այլ մեծ պարկերը կարող է նախապատրաստել՝ քաղաքացիների տուգանքներից ստացված հսկայական գումարները տեղավորելու համար: Մինչդեռ եվրոպական երկրներում արագաչափերի գործարկումից գանձված միջոցներն ուղղվում են բացառապես պետական բյուջե կամ սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արձանագրման գործընթացը սկսվել է 2012թ. հունվարի 16-ից: Ինչպես «Ժողովուրդ»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մինչեւ 2013թ. հունվարի 16-ը տեսախցիկների եւ լուսանկարահանող արագաչափ սարքերի կողմից հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 429.615 որոշում: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ է փոխանցվել գանձված գումարների 30%-ը, իսկ մնացած 70%-ը, փաստորեն, փոխանցվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին:
Մինչեւ տարեվերջ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով՝ ելնելով նրանից, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից: Այսպիսով՝ մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը:
Ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից, մինչեւ 2036թ. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին՝  վերջինիս եւ ՃՈ-ի  միջեւ կնքված պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան: Փաստորեն, եկամտաբեր այս բիզնեսը 24 տարի շարունակ ուրախացնելու է տիրոջը, ում ինքնության մասին ո՛չ ոստիկանությունն է տեղեկություն տալիս, ո՛չ էլ որեւէ այլ պաշտոնական աղբյուր:
Մինչդեռ բազմաթիվ զարգացած երկրներում այս ոլորտի կանոնակարգումը բացառապես պետական է: Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ այլ երկրներում տուգանքների գանձման ու դրանց իրացման վերաբերյալ որեւէ վիճակագրություն չունեն: Սակայն, ըստ մեր ուսումնասիրությունների, Եվրոպայում արագաչափերից ստացված  եկամուտները ոչ թե օլիգարխների անձնական բյուջեն են համալրում, այլ ծառայում են հասարակական շահերին: Ֆրանսիայում, օրինակ, այդ գումարներով հոգում են մանկատների կարիքները, Գերմանիայում եւ Իտալիայում այդ գումարները ծախսվում են ճանապարհների վերանորոգման վրա, Իտալիայում նաեւ ծերանոցներին ու հիվանդանոցներին են հատկացվում: Իսկ ահա Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում գանձված գումարներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:
Այսպիսով՝ արագաչափերի ու նկարահանող սարքերի «գործը» եկամտաբեր ու ոչ ռիսկային մի բիզնես է, որում մեկ անգամ ներդրում կատարելով` տեւական ժամանակ ապահովվում է շահույթը:
«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչեւ 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, եւ ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում՝ իր ներդրած գումարը հետ ստանալու նպատակով: Պարզագույն թվաբանությունը, սակայն, ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, իսկ  գալիք տարվանից էլ ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամի ներդրում:
Ի դեպ, օգոստոսի 20-ից «Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 հատվածներում սկսել են գործարկվել երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր: Այսպիսով՝ արագաչափերի գերշահութաբեր բիզնեսը ծավալվում է նաեւ միջպետական մայրուղու վրա՝ նոր բազմամիլիոնանոց գումարների հոսք ապահովելով անհայտ օլիգարխի գրպանը: Թե ով է նա, առայժմ չի գաղտնազերծվում: Իսկ մինչ այդ «տուգանք» անվան տակ կեղեքվում է խեղճ ժողովուրդը,  կառավարությունն էլ անվերջ բողոքում է պետական միջոցների բացակայությունից: Որտեղի՞ց դրանք գոյանան, եթե այս երկրում ցանկացած շահութաբեր բիզնես հանձնված է յուրային օլիգարխներին, որոնք էլ օրնիբուն հարստանում են:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս