ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Մինչդեռ շատերը, հավատալով գյուղնախարարի խոստմանը, թե գյուղացին այս տարի բերքի իրացման խնդիր չի ունենալու, վարկեր են վերցրել եւ արդյունքում կանգնել փաստի առաջ:
Շիրակի մարզի Գետք համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ եւ անասնապահությամբ: Համայնքապետ Հովիկ Մխիթարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մարդիկ ինքնարժեքի գնով են կարտոֆիլը վաճառում. «Նորմալ գնով չեն կարողանում իրացնել: Ամբողջ հանրապետությունում էլ այս վիճակն է»:
Նույն մարզի Հոռոմ համայնքի բնակիչներն այս օրերին եւս ունեն կարտոֆիլի իրացման խնդիր: Համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանն այս հարցով դիմել է մարզպետարանի համապատասխան բաժին, որտեղից խոստացել են հարցը լուծել. «Գյուղացիները 100 հա-ից ավել կարտոֆիլ են մշակում: Իրացման խնդիր կա, բայց մարզպետարանից խոստացել են օգնել»: Գյուղապետի խոսքով՝ վերամշակող կազմակերպությունները կարտոֆիլի համար առաջարկում են 70-90 դրամ:
Իսկ Հողմիկ համայնքում մսամթերքի իրացման խնդիր կա: Հողմիկի գյուղապետ Աշոտ Կյուրեղյանը հուսահատված նկատեց, որ համայնքում միսը չի վաճառվում. «Հողագործությունը թարգել ենք, հիմա էլ զբաղվում ենք անասնապահությամբ: Բայց մսագործները գալիս են ու չեն ուզում գնել: Կամ էլ էժան գին են առաջարկում, մենք էլ հրաժարվում ենք վաճառել: Տավարի միսը 700-800 դրամով ո՞վ է վաճառում: Ցուլիկի մսի համար առաջարկում են 1600-1700 դրամ այն դեպքում, երբ մարզկենտրոնում դրա արժեքը կազմում է 2400-2500 դրամ: Սրա նման նաեւ չի վաճառվում խոզի եւ ոչխարի միսը»:
Աշոտ Կյուրեղյանի խոսքով՝ այս հարցով գրեթե ամեն օր ինքը կամ իր տեղակալը դիմում են մարզպետարանի համապատասխան բաժին, սակայն ապարդյուն. «Ի՞նչ պիտի ըսեն. հետեւողական ենք, խնդիր չկա: Մենք էլ սպասում ենք: Գյուղում մի տնտեսություն չկա, որ մի քանի հազար դոլարի վարկ չունենա: Մարդկանց հույսն արտագնա աշխատանքից վերադարձողներն են: Մի տուն չկա, որ դուրսը մարդ չունենա»: Մեր զրուցակցի պատմելով՝ մսագործները գյուղացիներից միսը գնում են անկանխիկ եղանակով (ապառիկ). «Ասում են՝ երեք օր հետո կբերենք, բայց անցնում է 20 օր, մեկ ամիս, ուշացնում են: Երեք կով եմ վաճառել, 1 կգ-ն 1000 դրամով, բայց մինչեւ հիմա դեռ չեն բերել գումարը: Մսամթերքն էժանանում է, իսկ անասնակերը՝ թանկանում: Խոտի 1 կգ-ն արժե 50-60 դրամ, մեկ տուկ խոտը՝ 1200 դրամ»:
Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքը նույնպես ունի մսամթերքի իրացման խնդիր: «Շատ էժան գին են առաջարկում, դա էլ ձեռնտու չէ գյուղացուն, քանի որ մեծ ծախսեր է արել անասունի վրա: Մարդ կա` այդ անասունը պահել է երեք տարի կամ մեկուկես տարի»,-ներկայացրեց Մեղվահովտի համայնքապետ Համեստ Շահբազյանը: Ըստ նրա՝ անցյալ տարի նման խնդիր չի ծագել. «Մարդիկ այստեղ անասնապահությամբ են իրենց գոյությունը պահպանում: Հույս ունենք, որ Ամանորի հետ կապված՝ գոնե ինչ-որ շարժ կլինի»:
Խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին: «Եթե կա գյուղմթերքի իրացման խնդիր, ապա այդ դեպքում մարդիկ դիմում են մարզպետարան կամ գյուղատնտեսության նախարարություն: Հետո քննարկվում է, թե ինչ ճանապարհով կարելի է իրացումը կազմակերպել՝ վերամշակողների, արտահանողների, թե Երեւանում գործող տոնավաճառների միջոցով: Եթե նման խնդիր կա, ապա մենք պատրաստ ենք զբաղվել դրանով»,-փոխանցեց փոխնախարարը:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ անցյալ տարի գյուղմթերքի իրացման մասով լուրջ խնդիրներ են եղել, սակայն այս տարի նման խնդիր չկա: «Համայնքի ղեկավարները կարող են կազմակերպել եւ գյուղացիների մթերքը տեղափոխել Երեւանում գործող գյուղատնտեսական տոնավաճառ: Եթե գյուղացին կարծում է, որ տանը նստելով՝ պետք է իր ապրանքը վաճառի, ապա դա սխալ մոտեցում է»,-հայտարարեց Բերբերյանը՝ ընդգծելով, որ վերջին տասն օրում կարտոֆիլը 40 դրամով թանկացել է:
Մինչդեռ «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ գյուղմթերքի իրացման խնդիր եղել է, կա եւ դեռ երկար կլինի: «Հայտարարեցին, որ մի հատ ծիրան չի մնալու գետնին, բայց շատ ծիրան փչացավ: Այդ պրոբլեմը միշտ էլ եղել է: Ընդամենը լուծող է պետք: Մեր հանրապետությունում գյուղնախարարությունն անելիքներ ունի: Եթե չի անում իր անելիքները, ապա պետք է լուծարել այդ կառույցը: Ինչո՞ւ է գյուղնախարարը հինգ տեղակալ պահում: Ո՞ր մեկն է իր գործն անում, ոչ ոք: Կամ Սերգոյին ինչո՞ւ են պահում»,-զայրացած նկատեց Սեդրակյանը:
ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ