«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձեւը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազմման նոր համակարգը ներդնելուց: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է վերցվեն քաղաքացիների տասը մատների մատնահետքերը: ԸՕ համապատասխան փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 1-ից հետո: Բայց մինչ այդ համապատասխան համակարգն արդեն ձեռքբերված եւ ներդրված պետք է լինի: Սա կարեւոր է այն իմաստով, որ Հայաստանի ընտրողների ցուցակները փաստացի «կմաքրվեն», քանի որ դրանում ներառված կլինեն միայն երկրում գտնվող ընտրողների տվյալները:
Սկզբում կասկածներ կային, որ այս նպատակի համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հնարավոր չի լինի հայթայթել, քանի որ ՀՀ կառավարությունը հայտարարել էր, թե դրանից միայն 3 մլն եվրոն է հնարավոր պետբյուջեից հատկացնել: Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, խոստացել են հատկացնել անհրաժեշտ գումարը: Մնում է արդեն իշխանության ցանկությունը: Սակայն այժմ էլ ՀՀ կառավարությունը կարծես այլ պատճառ է գտել, որպեսզի նոր համակարգը չներդնի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքեր արտադրող ընկերությունները հրաժարվում են 1-2 ամսում խնդիրը լուծելու տարբերակից: Ու եթե նույնականացման քարտի տրամադրման համար անհրաժեշտ մատնահետքերի թիվը, որ պետք է, ըստ նոր կարգի, վերցվի բոլոր 10 մատներից, չնվազեցվի` թողնելով գործող` 2 մատներից վերցվելիք տարբերակը, ապա ՀՀ կառավարությունը հնարավորություն կունենա «օբյեկտիվ» պատճառներով հրաժարվել նոր համակարգը ներդնելուց: Չէ՞ որ հենց մասնագետներն իրենք են ասում, որ 10 մատներից մատնահետք վերցնելու պայմաններում 1-2 ամսում չեն կարողանա համակարգ ներդնել: Ահա, այսպես կկանգնենք հին, մահացածներով հարուստ ընտրացուցակների փաստի առջեւ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: