«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի մեծ թվով բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք հավաքվել են Աշտարակի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի «Աշտարակ» էլեկտրացանցի դիմաց:
Բողոքող բնակիչների պատմելով՝ իրենք ավելի քան 1 տարի է, ինչ էլեկտրաէներգիայի տատանումների եւ անջատումների պատճառով վնասներ են կրում, մասնավորապես՝ փչանում է իրենց կենցաղային տեխնիկան: Բնակիչների ներկայացմամբ՝ նախկինում էլեկտրաէներգիան սնուցվել է «Աշտարակ 3-րդ» ուղղությունից, սակայն այն բանից հետո, ինչ սկսվել է սնուցումը «Աշտարակ 4-րդ» գծից, իրենք պարբերաբար խնդիրների առաջ են կանգնել: Նրանց պատմելով՝ էլէներգիայի անջատումները ամեն օր են լինում, եւ հիմա նրանք պահանջում են, որ իրենք օգտվեն նախկին՝ «Աշտարակ 3-րդ» ուղղությունից:
Ի դեպ, բողոքողների մեջ կան այնպիսի բնակիչներ, որոնց սառնարանները, համակարգիչները եւ այլ կենցաղային տեխնիկան փչացել է: Ըստ Մուղնի թաղամասի բնակիչների՝ այս ամենի արդյունքում մեծ վնասներ են կրել նաեւ խանութներ ունեցող առեւտրականները: Էլէներգիայի հաճախակի անջատումների հետեւանքով սառնարաններում առկա սննդատեսակները փչացել են եւ դարձել են վաճառքի համար ոչ պիտանի: Խանութների տերերը նշում են, որ փչացած ապրանքն իրենք չեն կարող հետ վերադարձնել, արդյունքում՝ կորուստները իրենք են կրում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից վստահեցրին, որ խնդիրն ուսումնասիրվում է, եւ արդյունքների մասին առաջիկայում ընկերությունը կհրապարակի: ՀԷՑ մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտարարեց նաեւ, որ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում նշված թաղամասում 2 պլանային եւ 2 վթարային անջատում է եղել: Իսկ կենցաղային տեխնիկայի փչանալու մասին բողոքներ ընկերությունը այս ընթացքում չի ստացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: