ՀԱՐՑ. Հայ առաքելական եկեղեցին նշանների հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք ունի, այսինքն՝ երբ ինչ-որ մեկն ընտրության առջեւ է հայտնվում՝ անել այս կամ այն գործը: Կամ արդյո՞ք Աստված մարդուն նշաններ է տալիս, թե՞ դրանք զուտ երեւակայության արդյունք են կամ չար ուժերի ազդեցության հետեւանք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Աստվածաշնչում եւ եկեղեցու ավանդության մեջ հանդիպում են
դեպքեր, երբ Աստված նշանների միջոցով ուղղություն է տվել որոշ մարդկանց: Բոլոր դեպքերում, Աստծո տված նշանները եղել են շատ հստակ (օրինակ` Հովնանի մարգարեությունը Հին կտակարանում): Սակայն այսօր քրիստոնյաներն առաջնորդվում են ոչ թե նշաններով, այլ Սուրբ հոգով, որը գործում է եկեղեցու եւ յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ: Հնարավոր է, որ սատանան որոշակի խոչընդոտներ ստեղծի մարդու գործերի մեջ, իսկ մարդը թյուրիմացաբար դրանք ընդունի որպես Աստծո կողմից նշաններ: Այս ամենը հաշվի առնելով՝ քրիստոնյան իր գործերում պետք է առաջնորդվի հոգեւոր գիտելիքներով եւ Սուրբ հոգու շնորհներով, այլ ոչ թե տարատեսակ նշաններով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, բայց մեր օրերում կամաց-կամաց նվազում է հոգեւոր գիտելիքներով առաջնորդվողների՝ հատկապես երիտասարդների թիվը: Դրան հակառակ` վերջին շրջանում աճել է տարբեր կրոնական աղանդներին հարող մարդկանց, զանազան մոգությունների եւ գուշակությունների թիվը: Կարծում ենք` Հայ առաքելական եկեղեցին պետք է լուրջ քայլեր ձեռնարկի` իր հոգեւոր հոտի անդամներին ճիշտ ուղուն դարձնելու համար: