ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ շաբաթ արդեն բյուջեի նախագիծը կքննարկեն ԱԺ լիագումար նստաշրջանում: Դատելով ոչ կոալիցիոն ուժերի տրամադրություններից՝ հաջորդ շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը բավական ծանր օրեր են սպասվում. բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները կրկին “պատին են սեղմելու” վարչապետին՝ քննադատության ենթարկելով նրանց:
Իսկ որ 2014թ. պետական բյուջեի նախագիծն արժանի է քննադատության, պնդում են նաեւ մասնագետները: Վերցնենք, օրինակ, բյուջեի եկամուտների բաժինը. այն հավաքագրվելու է ոչ միայն հարկային եկամուտների ու պետական տուրքերի միջոցով, այլեւ կառավարությունը սպասում է պաշտոնական դրամաշնորհների: Ըստ բյուջեի նախագծի` օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից իրենք 2014թ. ակնկալում են մոտ 20 մլրդ դրամ: Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերից կառավարությունն ակնկալում է 13.0 մլն եվրո կամ 7.0 մլրդ դրամ, նպատակային պաշտոնական դրամաշնորհներից` 31.7 մլն ԱՄՆ դոլար կամ 12.9 մլրդ դրամ: Բյուջեի նախագծի համաձայն՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ակնկալվում է 16.4 մլն ԱՄՆ դոլար կամ 6.7 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում` 4.0 մլն ԱՄՆ դոլար կամ 1.6 մլրդ դրամ, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը պետք է տրամադրի 2.1 մլն դոլար եւ այսպես շարունակ: Նկատենք, որ այս դրամաշնորհներն ընդգրկված են ոչ թե հավելյալ, այլ հիմնական եկամուտների ցանկում:
Դատելով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից՝ չկա որեւէ երաշխիք, որ օտարերկրյա կազմակերպությունները կտրամադրեն խոստացված վարկերը կամ դրամաշնորհները: Բանն այն է, որ նշված դրամաշնորհների մեծ մասը Հայաստանին խոստացել են տալ վերջին չորս տարիներին ՀՀ-ում իրականացվող եվրաինտեգրացիայի շրջանակներում: Բյուջեի նախագծում նշված կազմակերպություններից ոչ մեկը, ի դեպ, ռուսական ծագում չունի. այդ գումարները սպասում են եվրոպական երկրներից կամ կազմակերպություններից: Բայց հիմա, երբ դեպի ԵՄ ճանապարհի կեսից Սերժ Սարգսյանն “ուղեւորվեց”Մաքսային միություն, այդ կառույցները երկար կմտածեն խոստացած ծրագրերն իրականացնելուց առաջ: Առավել եւս, երբ Ս. Սարգսյանը, իր ղեկավարած իշխանությամբ հանդերձ, միջազգային ասպարեզում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. այս տարիների ընթացքում չեն իրականացվել Տիգրան Սարգսյանի կանխատեսումները: Համենայնդեպս, կանխատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն մենք ունենք հազիվ 3.5-4 տոկոս աճ, իսկ կանխատեսված գնաճի 4 տոկոսի փոխարեն` 7-7.5 տոկոս: Ասել է թե՝ չի բացառվում, որ չիրականանա նաեւ դրամաշնորհների ու վարկերի կանխատեսումը, եւ Հայաստանը չստանա ակնկալվող 20 մլրդ դրամը: Մանավանդ որ նույն Տ. Սարգսյանը, ներկայացնելով 2014թ. բյուջեի նախագիծը, ռիսկերի շարքում մատնանշել էր արտաքին գործոնները. “Ուղղակի ճանապարհով ազդեցությունները պայմանավորված կլինեն … Եվրամիությունից կապիտալ ներդրումների ծավալների կրճատմամբ եւ Եվրամիությունից ստացվող աջակցության ծավալների նվազմամբե: Ասել է թե՝ այդ ծրագրերի իրատեսական լինելը կասկածի տակ է առել նույն կառավարությունը:
Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եթե օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները չտրամադրեն խոստացված գումարները, հայտնի է ամենքին. բացի այն, որ պարզապես կթերակատարվի ՀՀ պետական բյուջեն, նաեւ այն բացասաբար կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 655 համար