Ինչպես հայտնի է` այս տարվա ոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք մարզերում տեղի կունենան ընտրություններ: Մասնավորապես, ՏԻՄ ընտրություններ կլինեն Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Գյումրիում ու Վանաձորում:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ ընտրությունները թեժ են լինելու հատկապես Վանաձորում և Գյումրիում: Առանձնահատուկն այն է, որ Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ այս տարի առաջին անգամ քաղաքապետին ուղղակի ընտրությամբ չեն ընտրելու: Նրանք ընտրելու են ավագանի, որն էլ իր կողմից ընտրելու է քաղաքապետին:
Վանաձորում հիմնական պայքարը թերևս կլինի ՀՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև: Արդեն հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Վանաձորից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը: Իսկ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը Վանաձորում գլխավորում է ՀՀ նոտարական պալատի նախկին նախագահ, Վանաձորի նոտար, նախկինում անկուսակցական, իսկ այժմ հանրապետական Մամիկոն Ասլանյանը:
Գյումրիում ՀՀԿ-ի և Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համատեղ ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երեկ էլ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդևան Գրիգորյանը:
Բացի այս երկու քաղաքներից, ընտրությունները բավական հետաքրքիր կարող են անցնել նաև Սյունիքում, ինչպես նաև Արթիկում: Բանն այն է, որ իշխող ՀՀԿ-ն այդ ընտրություններում կարող է չպաշտպանել գործող քաղաքապետ Արսեն Աբրահամյանին և այդ առումով իսկապես հետաքրքիր պատկեր կստացվի, եթե հաշվի առնենք, որ Աբրահամյանն անկախ ամեն ինչից որոշել է մասնակցել ընտրություններին: