
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվում է նորոգել վթարային 130 շքապատշգամբ: Հունիսին մեկնարկած այս գործընթացի շնորհիվ մինչ օրս նորոգվել է դրանցից 30-ը: Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով:
Շքապատշգամբների նորոգումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները, պետք է նորոգվեն բնակիչների ուժերով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը, իսկ անհրաժեշտ միջոցները հատկացվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: