Մի քանի օր առաջ Երեւանում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Մեր տեղեկություններով՝ այս անգամ նա հատուկ «առաքելությամբ» էր եկել: Բանն այն է, որ այժմ լրջորեն քննարկվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը, որպեսզի նա առանց խոչընդոտի դառնա Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ու, ըստ մեր տեղեկությունների, այդ ամենի «միջնորդական առաքելությունն» իրականացնում է հենց Արցախի թեմի առաջնորդը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Պարգեւ սրբազանի հետ:
-Սրբազա՛ն, մենք տեղեկություններ ունենք, որ Դուք օրերս հանդիպել եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: Խնդրում եմ նշել, թե որն է եղել Ձեր հանդիպման նպատակը եւ ինչու էիք եկել Հայաստան:
-Իմ դպրոցի 50-ամյակն էր, ինչի պատճառով էլ ես եկել էի Հայաստան: Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չեմ ունեցել:
-Այնուամենայնիվ, մենք տեղեկություններ ունենք, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկում եք ունեցել՝ կապված Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու եւ ընդհանրապես ղարաբաղյան կլանի…
-Արդեն ասացի, որ ես Սերժ Սարգսյանին չեմ տեսել: Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է ինձ հետ այդպիսի հարցեր քննարկի: Անգամ ծիծաղելու բաներ են դրանք: Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել, ու դրա կարիքը նա չունի:
-Բայց այժմ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինելու է Բակո Սահակյանը, ու Դուք ՀՀԿ առաջնորդի մոտ նրա լոբբինգով եք զբաղված:
-Եվ Դուք հավատո՞ւմ եք այդպիսի հեքիաթներին: Դա կատարյալ հեքիաթ է:
-Գաղտնիք չէ, որ Դուք մշտապես քաղաքական հարցերի վերաբերյալ Ձեր տեսակետն եք հայտնել, կարելի է ասել` միջամտել եք քաղաքական հարցերին, ու այս անգամը եւս բացառություն չէ: Ինչո՞ւ եք Ձեր «լիազորություններից» դուրս գործունեություն իրականացնում:
-Ես ի՞նչ իրավունք ունեմ նման հարցերի խառնվել: Դա իմ ոլորտը չէ: Ես եկել եմ Հայաստան իմ 132 դպրոցի 50-ամյակի համար ու հետ եմ գնացել: Իսկ այն, ինչ Դուք ասում եք, ինձ համար անծանոթ բաներ են: Դրանք իմ ոլորտին չեն առնչվում:
-Վերադառնանք Ձեր ոլորտին: Ներկայումս ժողովուրդն իր հավատը կորցրել է հայ եկեղեցու, հոգեւորականի նկատմամբ: Ձեր կարծիքով` ո՞րն է դրա պատճառը, եւ ի՞նչ է արվում ժողովրդի հավատը վերականգնելու համար:
-Ժողովուրդն ինչպես որ գալիս էր ժամերգություններին, այդպես էլ հավատով գալիս է, ինչո՞ւ եք ընդհանրացնում:
-Իսկ Ձեր գնահատմամբ` որքանո՞վ է ժողովրդի հավատքի ամրապնդմանն ու հոգեւորականի հանդեպ ակնածանքին նպաստում որոշ արքեպիսկոպոսների շվայտ վարքուբարքը` սկսած «Բենթլի» ավտոմեքենաներից, ավարտած տարբեր քրեական սկանդալներում ներգրավվածությամբ:
-Լա՛վ էլի, այդ ո՞վ է ասել, որ ինքը ճոխ վայելքով ապրել է: Ավելի լուրջ հարցեր կան, ու ճիշտ կլինի, որ ավելի ճիշտ հարցերով զբաղվեք: Պետք է մի քիչ շինիչ գործով զբաղվել: Մամուլն այսօր այնպիսի տեղեկություններ է հրապարակում, որոնց մասին անգամ ես տեղյակ չեմ լինում ու մամուլից եմ տեղեկանում:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայերին ըստ հավատքի տարբերակելու Ասողիկ քահանայի մոտեցումը, Ձեր կարծիքով՝ աթեիստ հայը հա՞յ է:
-Մեսրոպ Մաշտոցն էր ասել, որ ով ուզում է ճշմարիտ, կատարյալ հայ լինել, պարտադիր պետք է քրիստոնյա լինի, Աստծուն հավատացող լինի: Բայց, իհարկե, աթեիստն էլ է հայ: Ինչո՞ւ եք քաշքշում Մ. Մաշտոցի հին ասացվածքը:
-Խնդրում եմ նշել, թե Դուք ինչպես եք պատկերացնում ԼՂՀ հարցի լուծումը:
-Դիմե՛ք քաղաքագետներին:
-Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
-Ղարաբաղի հարցն արդեն լուծվել վերջացել է, էլ ի՞նչ հարց կա, վերջ:
-Սակայն Դուք վերջերս դրական էիք գնահատել Զորի Բալայանի` Վլադիմիր Պուտինին ուղղված աղմկահարույց նամակը, որտեղ նա առաջարկում էր ԼՂ-ն ՌԴ կազմում ընդգրկել:
-Զորի Բալայանը կյանքում այդպիսի միտք չի ունեցել: Ես չեմ ուզում մեկնաբանել, դա իր սեփական կարծիքն է, բայց Զ. Բալայանի համար անկախությունը սրբություն է, ես դա Ձեզ վստահեցնում եմ: Նա նման հայտարարություն չի արել, ինչը ինքը չի ասել, խնդրում եմ՝ մի՛ վերագրեք իրեն: Ինքն ասել է՝ զգո՛ւյշ եղեք Ղարաբաղի հարցում, երբ ինչ-որ որոշում եք կայացնում: Զ. Բալայանը զգոնության, սթափության կոչ է անում: Ամեն մեկը ոնց ուզում, այդպես մեկնաբանում է: Խոսե՛ք Զ. Բալայանի հետ, թող ինքը մեկնաբանի իր նամակը:
-Բայց կարելի է կարդալ ու հասկանալ, ի՞նչ կարիք կա այն նորից մեկնաբանել:
-Իսկ ինչո՞ւ ես այդ կերպ չեմ հասկանում: Զ. Բալայանը մեր անկախության զինվորն է եղել, կյանք է տվել ու շարունակում է տալ: Չի կարելի այդ մարդուն այդպիսի բան վերագրել:
-Ժամանակին տեղեկություններ էին շրջանառվում, որ երբ իրավապահները ցանկացել են ձերբակալել ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, «Գել» մականվամբ Գարեգին Գաբրիելյանին, Դուք միջնորդել եք, որպեսզի նրան չկալանավորեն, քանի որ նա Ձեր զարմիկն է: Նման բան եղե՞լ է:
-Այդպիսի բան չկա, ես ո՞վ եմ, որ որեւէ մեկին պատասխանատվությունից ազատեմ:
«ԻՆՔՆ ԱՍԵԼ Է՝ ԶԳՈ՛ՒՅՇ ԵՂԵՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ