ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՄՔԸ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները հանդես են եկել լրատվամիջոցների շահերը պաշտպանող օրինագծով. նրանք հեղինակել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում են 10 անգամ նվազեցնել զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված պատժաչափերը: ՀԱԿ-ն առաջարկում է այդ արարքների համար սահմանել 2 հազարից 200 հազար դրամ տուգանք: Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն է տվել ՀԱԿ պատգամավորների առաջարկին: Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է այդ նախագիծը:
ԲԱԶՄԱԶԲԱՂ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Տեսակետ կա, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի մասնակցությամբ հայտնի միջադեպի իրական մեղավորը ՀՀ ԱԱԾ-ն է, որը ոչ միայն չփորձեց կանխել այն, այլեւ կատարվածը հրահրել են ԱԱԾ-ականները: Երեկ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո, «Ժողովուրդ»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցներն ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանից փորձեցին մեկնաբանություններ ստանալ: Սակայն վերջինս, հարցի սկզբում լսելով Շանթ Հարությունյանի անունը, միանգամից ասաց. «Մենք որեւէ կապ չունենք: Ընդհանրապես: Ընդհանրապես կապ չունենք»: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու չկանխեցին միջադեպը, եթե Շ. Հարությունյանը նախագահականը հրկիզելու եւ այլ կոչեր էր անում մի քանի օր շարունակ, Ռ. Հարությունյանը չպատասխանեց` պատճառաբանելով, թե զբաղված է ու շտապում է:
ԶԳՈՒՇՈՐԵՆ
Իշխան Զաքարյանը, որն առաջադրվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում, սկսել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը. երեկ նա հանդիպել է ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներին: Իսկ ՀՀԿ-ի հետ ՎՊ նախագահի թեկնածուի հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի: Բավական երկար է տեւել Ի. Զաքարյանի հանդիպումը ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ, ընդ որում հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու Իշխան Զաքարյանն ԱԺ միջանցքում մի քանի րոպե առանձնազրույց են ունեցել: Հիշեցնենք, որ ամռանը նույն Ի. Զաքարյանը ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ «գաղտնի ասել էր», թե հիասթափված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից: Սակայն այս անգամ կարծես թե այդ թեման նրբորեն շրջանցվել է:
Ինչեւէ, դատելով ԱԺ-ում առկա տրամադրություններից՝ ՊՎ նախագահի թեկնածությանը դեմ կքվեարկեն ընդդիմադիր խմբակցությունները, իսկ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ միգուցե նաեւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկեն: