ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Չնայած ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հարցազրույցներում իշխանություններին քննադատում է, ինչպես արմատական ընդդիմադիրը: «7 օր»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Այս այլանդակ համակարգն այս անբարո բարքերով, վստա՛հ եղեք, երկար չի կարողանալու դիմանալ: Մի համակարգ, որտեղ պաշտոնյայի պաշտոնավարումը կախված է նրանից, թե նա ինչպես եւ ինչ որակով կկեղծի ընտրությունները, անխուսափելիորեն փլվելու է: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ օրը հեռու չէ»: Մնում է միայն հուսալ, որ քննադատության չափաբաժինը ոչ թե կախված է Արարատում քաղաքապետի ընտրություններից, այլ ԲՀԿ-ում իրոք այդպես են մտածում ՀՀ-ում գործող ռեժիմի մասին:

ՉԵՆ ՏԵՍԵԼ ԻՐԱՐ
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ՝ արդյոք ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին տեսել է ազատ արձակվելուց հետո: «Չէ՛, հանդիպում չեմ ունեցել»: Մեր հարցին, թե չի ցանկանում հանդիպել նրա հետ, ասաց. «Չէ՛, այդպես առանձնակի ցանկություն չունեմ, ինչի՞ համար, որ ի՞նչ խոսեմ, քննարկեմ, թե ինչ է եղել ժամանակին, ինչի՞ն է պետք»: Նշենք, որ Մարգար Օհանյանը կալանավորվեց այն ժամանակաշրջանում, երբ ՀՀ ոստիկանապետը Ա. Սարգսյանն էր: Ու այդ ժամանակ հայտարարել էր, որ իր նկատմամբ հետապնդումը պայմանավորված էր Ա. Սարգսյանի եւ իր միջեւ առկա վատ փոխհարաբերություններով: Մ. Օհանյանն անգամ ակնարկել էր, թե Ա. Սարգսյանն է իրեն «հանձնել»: Հիշեցնենք նաեւ, որ Մ. Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, բայց սեպտեմբերին համաներմամբ ազատ արձակվեց:

ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԿԱՆԱԶ
Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանին նոյեմբերի 5-ին Մուրացանի հոսպիտալից տեղափոխվել են Կանազի հոսպիտալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասաց զինվորի հայրը` Սամվել Մարկոսյանը: Մեզ հաջողվեց կապ հաստատել Դավիթի հետ: Վերջինս ասաց, որ ինքն ու Արոն այս պահին գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում: «Արոն այստեղ անկողնային պառկած է: Մեզ ասել են, որ Արշակի ու Ռազմիկի վիճակը շատ վատ է, իրենք ուզում են դուրս գալ մեկուսարանից, բայց թույլ չեն տալիս, որ վերադառնան հոսպիտալ: Քրեական գործ են հարուցել միայն Արշակի ու Ռազմիկի  դեմ»,-պատմեց Դավիթը` նշելով, որ ինքը երեկ մեծ աղմուկ է բարձրացրել: Դավիթի պատմելով՝ նա իր հեռախոսը տվել էր հիվանդանոցի քույրերից մեկին, սակայն երբ պահանջել է, քույրը նրան ասել են, թե գողացել են. «Կատաղեցի, ո՞նց թե գողացել են, գոռգռացի, մի խոսքով, ինձ հանգստացրին ու ասացին, թե շուտով դու ազատ կարձակվես: Ես էլ չեմ դիմանում, տուն եմ ուզում գնալ»:




Լրահոս