ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼ Է ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՎ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ «Ազատության» հետ զրույցում, հերքել է, թե ինքը եւ իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետեւանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ:
«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախեւառաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ (ոստիկանության Կենտրոնականի) բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն սա էլ կարող է իրականությանը համապատասխանել,-հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով:-Իհարկե, չի եղել եւ չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողովը, մեկուսարանը ընդունել է ամեն ինչ, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:
«Սա նույնպես հիվանդ երեւակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ եւ այլն»,-ասել է ոստիկանապետը:
Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով եւ այլ իրերով, իսկ ոստիկանությունն իր հերթին հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, եւ հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէր նախապես կանխել բախումը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Հայտարարվեց եւ կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է, եւ ձեռնաշղթաները հագցնում են եւ տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց, եւ կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, եւ ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:
«Ոստիկանները ոչ իրավաչափ չեն գործել,-նշել է ոստիկանապետը` շարունակելով:-Դուք նկատեցի՞ք, որ ոստիկանները նույնիսկ ռետինե մահակներ չունեին: Դատարկ ձեռքերով կանգնած էին»:
Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները եւ այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»:
Ոստիկանապետի խոսքով՝ միջադեպի հետեւանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:
Նա նաեւ չի բացառել, որ ձերբակալվածների թիվն ավելանա:




Լրահոս