Հայաստանի տոմատի մածուկի շուկայում սկանդալ է հասունանում. չնայած այն բանին, որ ընթացիկ տարում համեմատաբար քիչ քանակությամբ է լոլիկ աճեցվել, դրա արտահանումն իրականացվել է ավելի մեծ ծավալներով: Արդյունքում` չի բացառվում, որ ձմռան ամիսներին Հայաստանի տոմատասեր տնտեսուհիները ստիպված լինեն թանկ գնով տոմատ գնել` վերջինիս ակնկալվող դեֆիցիտի պատճառով:
2013-ին մթերվել է 18,900 տոննա լոլիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26,000 տոննայի փոխարեն: Եվ, չնայած դրան, 2013-ի միայն առաջին կիսամյակում 185 տոննա լոլիկ է արտահանվել 2012-ի 17,6 տոննայի փոփարեն: Ու մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում (ԳՆ) նշում են, թե տոմատի շուկայում խնդիրներ չեն լինի, մթերող կազմակերպությունների ղեկավարները բոլորովին այլ մտահոգություններ են հնչեցնում: Օրինակ՝ «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարանից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս տարի տոմատի մածուկի արտադրությունն իրենց մոտ կրկնակի կրճատվել է: «Պատճառն այն է, որ լոլիկը Հայաստանում առհասարակ պակաս է մշակվել, գյուղացիներին շահավետ չէ կարծես: Բայց հատկապես վերջերս արտագաղթի գործոնը եւս կա, չկան այն մարդիկ, որոնք լոլիկի ջերմոցներ կամ հողատարածքներ ունեին: Այս տարվա լոլիկը նաեւ ցեցը շատ փչացրեց: Այսպիսով՝ նախորդ տարվա համեմատ տոմատի մածուկի մեր արտադրությունը շուրջ 50 տոկոսով կրճատվել է: Չի բացառվում, որ առաջիկայում շուկայում դեֆիցիտ լինի, որովհետեւ եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ մթերումը չի եղել, միեւնույն է, մեր սպառողների ճաշակը չի փոխվել. հայերը տոմատի մածուկ սիրող ժողովուրդ են»,-նշեց «Բորոդինո» գործարանի գլխավոր տնտեսագետ Սիսակ Աղայանը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի ղեկավար, գյուղատնտես Սարգիս Սեդրակյանը եւս հնարավոր է համարում տոմատի մածուկի առաջիկա դեֆիցիտը. «Գյուղացուն ձեռնտու չէ այն գինը, որով գործարաններն իրենցից ապրանք են վերցնում, հետեւաբար մարդիկ այս տարի լոլիկ շատ քիչ են մշակել, ի դեպ, այս տարի նաեւ ցեցը շատ փչացրեց լոլիկն ու կարտոֆիլը, բայց առավել տուժեց լոլիկը, եղածը կերան, տոմատի մածուկ սարքելու համար էլ բան չմնաց: Շատ հնարավոր է` տոմատի դեֆիցիտ լինի»:
Այս իրավիճակում տարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված տեղական լոլիկն անարգել արտահանվել է: Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ եթե 2012թ. առաջին կիսամյակում արտահանվել է 17,6 տոննա թարմ եւ պաղեցրած լոլիկ` 19,3 հազար դոլար մաքսային արժեքով, ապա 2013-ի առաջին կիսամյակում արդեն` 185 տոննա` 256,5 հազար դոլար մաքսային արժեքով: Արտահանման կտրուկ եւ հսկայական այս աճն ավելի քան զարմանալի է այս տարվա «լոլիկային ճգնաժամի» պայմաններում: Բայց առավել զարմանալին այն է, որ արտադրողների հնչեցրած մտահոգությունների եւ այս աղաղակող թվաբանության պայմաններում անգամ ՀՀ ԳՆ-ում միանգամայն հանգիստ են:
«Տոմատի մածուկի դեֆիցիտ չի առաջանա, քանի որ արտահանումը քիչ ծավալներով կիրականացվի, որպեսզի ապահովվեն ներքին սպառման պահանջները»,-խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ին ասաց ՀՀ ԳՆ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Պաշտոնյայի՝ աչք փակող մեկնաբանությունն ու փաստացի թվերի՝ աչք ծակող հակադրությունն ավելի քան անտրամաբանական են: Անտրամաբանական երեւույթների շարքից է նաեւ այն, որ չունենք լոլիկ, բայց արտահանել ու արտահանելու ենք տեղական տոմատի մածուկ:
Ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ եթե 2012թ. առաջին կիսամյակում արտահանվել է 537,8 տոննա լոլիկի մածուկ` 563 հազար դոլար մաքսային արժեքով, ապա 2013-ի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 579,9 տոննա` 491,8 հազար դոլար մաքսային արժեքով:
Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ պետական կառույցները ծրագրում են տոմատի սպասվելիք դեֆիցիտը ծածկելու համար հայկական շուկան լցնել օտարերկրյա արտադրության տոմատի մածուկով: Մնում է միայն պարզել, թե ներկրմամբ զբաղվող որ ընկերությունները կշահեն այս ամենից:
ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ԴԵՖԻՑԻՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ