Մասնագիտական բախում ահաբեկիչների հարցով. ինչ արդյունք տվեցին Սերժ Սարգսյանի և իրավապահների քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գիտենք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը եւ շուրջ 15 օր հրաժարվում էին հանձնվել իրավապահներին, սակայն երկար բանակցությունների արդյունքում օգոստոսի 31-ին խմբավորման անդամները վայր դրեցին զենքերը եւ ինքնակամ հանձնվեցին իրավապահներին:

Անցել է 11 օր, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ որ հոդվածների հատկանիշներով է շարունակվում խմբավորման անդամների մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների քննությունը: Ի պատասխան՝ հայտնեցին, որ խմբավորման գործով քննությունը շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով, ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով եւ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»:

Թեեւ հուլիսի 31-ին ազգային անվտանգության ծառայությունը, անդրադառնալով խմբավորման անդամների գործողություններին, պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել էր ահաբեկիչ բառը` հայտնելով, որ. «Սույն թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետեւողական եւ համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»:

Նկատենք, որ ազգային անվտանգության ծառայությունից հետո օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը, անդրադառնալով տեղի ունեցած դեպքերին, դարձյալ ահաբեկիչ բառը օգտագործեց. «Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին եւ կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենեւին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին:

Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որեւէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռո՛ւ մնացեք այդ սարսափից: Ո՛չ ասեք ահաբեկչությանը եւ դրա ցանկացած դրսեւորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների եւ մեր հայրենիքի համար: Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռո՛ւ վանենք մեզնից: Շատ հեռու»:

Ահա այսպես, մինչ զինված խմբի անդամների վնասազերծումը, պետական մակարդակով նրանց ահաբեկիչ որակումը որեւէ կողմից չէր հնչում: ՀԵնց խումբը վնասազերծվեց, Սերժ Սարգսյանը եւ ազգային անվտանգության ծառայությունը օգտագործեցին ահաբեկիչ բառը: Սակայն մինչ օրս իրավաբանորեն ահաբեկիչ եզրույթը չի գործածվել, եւ խմբի 31 անդամների նկատմամբ այդ հատկանիշներով մեղադրանք առաջադրված չէ:

Ինչու: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իրավապահների եւ ուժային կառույցների ղեկավարների հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել է առաջադրված եւ սպասվող մեղադրանքների էությունը, տեղի է ունեցել մասնագիտական բախում:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ պնդել են, որ պետք է ահաբեկիչ որակումը տալ խմբավորման անդամներին ու այդ հատկանիշներով վերաորակավորել կամ նոր մեղադրանք առաջադրել, սակայն իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ էլ իրավաբանորեն բացատրել են, թե դժվար է հիմնավորել՝ խմբի անդամները ահաբեկչություն են իրականացրել, քանի որ, ըստ էության, խումբը ահաբեկչություն չի կատարել: Ահաբեկչությունը իրավաբանական այլ կատեգորիա է:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 217 հոդվածը հստակ սահմանում է, թե ինչ է իրենից ենթադրում ահաբեկչությունը. «Ահաբեկչությունը պայթյուն, հրկիզում կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետեւանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքը, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով»:

Ինչպես նկատում ենք՝ խմբավորման անդամների գործողությունները ահաբեկչություն չեն կարող լինել: Բայց նույնիսկ եթե ամենամեծ ցանկության դեպքում փորձ արվեր Սերժ Սարգսյանի ելույթից հետո վերաորակավորել մեղադրանքների էությունը, ապա կստացվեր, որ իրավապահ համակարգը քաղաքական հրահանգի արդյունքում փոխեց մեղադրանքը եւ խմբավորման անդամներին ահաբեկիչ համարեց: Դրա համար էլ առայժմ իրավապահ շրջանակներում որոշեցին չշտապել եւ չտալ ահաբեկիչ որակումը:

Քնար Մանուկյան




Լրահոս