Հոկտեմբերի 17-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրիին՝ ամուր հիմք» ՍՊԸ-ի՝ մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը (ՍՊԸ-ն, ըստ լուրերի, պատկանում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին): Գյումրու քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ երթուղու սպասարկումը դադարեցնելուց հետո, միանշանակ, հայտարարվելու է նոր մրցույթ: Նաեւ ասել էին, որ դրա անցկացման ժամկետը կհայտարարվի երթուղին սպասարկող ընկերության իրավունքները կասեցնելուց անմիջապես հետո` առաջիկա երկու օրերին՝ ներկայացնելով նաեւ անցկացման ժամանակացույցը:
Այս հայտարարությունից անցել է 20 օր, սակայն մրցույթի անցկացման մասին նորություններ չկան: «Ժողովուրդ»-ին Գյումրու քաղաքապետարանից հայտնեցին, որ մրցույթի մասին առայժմ որեւէ տեղեկություն չկա:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները, այս ընթացքում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ որոշակի փոխհամաձայնություն ձեռք բերելու գործընթաց է սկսվել, որովհետեւ Բալասանյանի՝ գիծը կասեցնելու այս քայլը Ղուկասյանի համար եռացրած ջրով ցնցուղ ընդունելու ազդեցություն էր ունեցել: Բայց քանի որ Ղուկասյանը դեռ շատ բիզնեսներ ու օբյեկտներ ունի Գյումրիում, Բալասանյանն էլ լիիրավ իշխանություն ունի դրանց «օդը» փակելու, որոշել են փոխհամաձայնության գալ, որովհետեւ Վ. Ղուկասյանն էլ իր հերթին Բալասանյանի դեմ վկայող ինչ-որ փաստեր ունի, որոնցով, ըստ ամենայնի, Բալասանյանին շանտաժի է ենթարկել:
Հիմա պետք է սպասել՝ հասկանալու համար, թե ինչով կավարտվի Ղուկասյան-Բալասանյան երկխոսությունը: Արդյո՞ք ԲՀԿ-ական քաղաքապետը թույլ կտա Ղուկասյանին «գիծ աշխատեցնել»:
ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ՈՒ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈ՞ՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ