ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստին կներկայացնի պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին որոշման նախագիծ: Ինչպես հայտնի է՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության հետ միասին 2010 թվականից Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ-200128» զարգացման ծրագիրը: Նշենք, որ տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ստանում է դպրոցական սնունդ: Ի դեպ, երեք մարզերում` Արարատում, Վայոց Ձորում եւ Սյունիքում, սնուցումն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Մեզ հայտնի դարձավ, որ կրթության եւ գիտության նախարարությունը դիմել է Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամ եւ առաջարկել 2016 թվականին նախատեսված Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումն անցկացնել Հայաստանում:
Նշենք, որ նախորդ տարիներին ֆորումներն անցկացվել են ԱՄՆ-ում, Գանայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Եթովպիայում եւ Բրազիլիայում: Այսպես, 2016 թվականի սեպտեմբերի 5-ից 9-ը նախատեսված Ֆորումը կանցկացվի Հայաստանում: Ըստ ԿԳՆ-ի՝ ֆորումին կմասնակցեն 200-250 հյուրեր 40 երկրներից: Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է այցելություններ դպրոցներ, ծանոթացում դպրոցական սննդի հայաստանյան փորձին, ինչպես նաեւ միջազգային փորձի փոխանակում: Հուսանք, որ ֆորումի մասնակիցները ավելի խորը կշրջեն նաեւ հայաստանյան այն դպրոցներով, որոնք գտնվում են անմխիթար վիճակում: