Լոռու մարզում պատմական հուշարձաններով հարուստ են հիմնականում Թումանյանի եւ Ստեփանավանի շրջանները: 1988թ. երկրաշարժի հետեւանքով հատկապես Սպիտակի շրջանի ավերված գրեթե բոլոր եկեղեցիներն ու հուշարձանները տարիների ընթացքում հիմնականում բարերարների աջակցությամբ վերականգնվել են: Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության կողմից տարվա մեջ երկու անգամ իրականացվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակի մեջ հաշվառված հուշարձանների մոնիթորինգ: Լոռու մարզում ունենք պետական ցուցակում գրանցված 3045 միավոր հուշարձան: Ծառայության պետ Արմեն Գերյանը տեղեկացրեց, որ մարզում այսօր էլ շարունակվում են մի քանի վանական համալիրների ու եկեղեցիների վերակառուցման եւ վերականգնման աշխատանքները: Շինաշխատանքներ են տարվում Քոբայրի վանական համալիրում, որտեղ վերանորոգվում է եկեղեցու զանգակատունը, հավաքվում է գմբեթը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաեւ Օձունի վանական համալիրում:
Չնայած այս ամենին` հուշարձանների պահպանության ոլորտում այսօր լուրջ խնդիրներ կան: Հուշարձանների պահպանության համար պետական միջոցներից մեծ գումարներ չեն հատկացվում: Եկեղեցիներն ու հուշարձանները տուժում են նաեւ մարդկանց անտարբեր վերաբերմունքից: Շատ հուշարձանների տարածքներում կարելի է տեսնել աղբակույտեր: Վերջերս անդրադարձ եղավ Հարթագյուղ համայնքի եկեղեցու վիճակին: Այնտեղ տեղավորվել էին կովերն ու հոգացել իրենց կարիքները:
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային գիտաշխատող Հրաչ Մարուքյանը, անդրադառնալով եկեղեցիների ներսում եւ մոտակայքում աղբակույտերի առկայությանը, կարծում է, որ ժամանակին համայնքները դրա դեմ ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Վերջինիս կարծիքով` հիմա էլ ուշ չէ, եւ հարկավոր է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել` հիշեցնելով, որ խաթարվում է եկեղեցու տեսողական ընկալումը: Ժամանակին բավական անմխիթար վիճակում էր նաեւ Ստեփանավանի Արմանիս թաղամաս տանող ճանապարհին գտնվող Սուրբ Նշան կոչվող սրբավայրը, որտեղ, բացի փոքրիկ մատուռից, ժողովրդի թեթեւ ձեռքով աղտոտվել էր նաեւ հարակից տարածքը, իսկ ծառերից կախված էին տարբեր տեսակի պարագաներ ու հագուստի կտորներ: Այս տարածքը մաքրվեց քաղաքում ակտիվ գործող մի հ/կ-ի նախաձեռնած ակցիայի շրջանակներում, որին մասնակցեցին երիտասարդներ եւ ուսանողներ:
Լոռի