Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթում, որտեղ ներկայացված էր 13 աշխատանք, հաղթող չի ճանաչվել:
Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց ճարտարապետ, մրցութային հանձնաժողովի անդամ Սաշուր Քալաշյանը, որեւէ նախագիծ հաղթող չի ճանաչվել, ընդամենը տրվել է 3 խրախուսական մրցանակ, որպեսզի մրցույթի մասնակիցները չհուսահատվեն։ Այսինքն՝ արժեւորվել է ոչ թե աշխատանքը, այլ մասնակցությունը։ Ճարտարապետն ընդհանրապես դեմ է Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթ հայտարարելուն եւ համոզված է, որ, օրինակ, Լենինի հուշարձանի տեղում որեւէ բան տեղադրելու անհրաժեշտություն չկա։ Ընդ որում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մրցույթն անիմաստ էր, եւ նրա ծրագիրը որոշակիություն չէր մտցնում. «Մասնակիցը չգիտեր՝ որ հարցին պատասխանի կամ որն է կարեւոր, բազմաթիվ հարցեր էին դրվել, որոնց պատասխանները ոչ ոք չէր կարող տալ ու չտվեց։ Եվ երբ մրցույթը կոչվեց հայեցակարգային, զգացինք՝ վերնագիրն արդեն հուշում է, որ դա լուրջ բան չէ»։ Պարզեցինք նաեւ, որ Ազգային պատկերասրահի վերաբերյալ էլ եղել են առաջարկներ. «Օրինակ՝ քանդել-չքանդել, ավելացնել-պակասեցնել, հետ տանել-առաջ բերել, բայց դա այսօրվա հրատապ խնդիր չէ, մենք այսօր այնքան քաղաքաշինական լուրջ խնդիրներ ունենք»։
Ի դեպ, մրցույթին ներկայացրած աշխատանքների մասին բացասական կարծիք է հայտնել նաեւ «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը: Նա նույնպես կարծում է, որ Հանրապետության հրապարակին ձեռք տալ պետք չէ, եւ առանձնացրել է խնդիրներ, որոնք կարելի է այլ կերպ լուծել. «Այնտեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը տրանսպորտի շարժն է եւ ավտոկայանատեղի սարքած հրապարակը, որը լուծվում է հարակից երկու հրապարակներում ստորգետնյա ավտոկայանների ստեղծումով` Սախարովի հրապարակ եւ Շահումյանի հրապարակ»: Գ. Ազիզյանը դեմ է նաեւ Լենինի նախկին արձանի տեղում ինչ-որ բան դնելուն:
Կարծես թե բոլոր լուրջ ճարտարապետները դեմ են Հանրապետության հրապարակի վերակառուցմանը, բայց մրցույթը հայտարարվում ու հայտարարվում է…
ԻՍԿ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ