Շուտով հայկական կինոյի պատմության մեջ առաջին անգամ կներկայացվի նոր` կրիմինալ քոմեդի ժանրի ֆիլմ: «3+2 կգ» անունը կրող կինոկատակերգությունը, որտեղ նկարահանվել են Արման Նավասարդյանը, Արթուր Պապիկյանը, Սարգիս Գրիգորյանը, Արման Գեւորգյանը, Կորյուն Մայիլը եւ այլք, Երեւանի կինոթատրոններում կհայտնվի սեպտեմբերի 15-ից:
Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ֆիլմի գլխավոր դերակատարներից Արմանը Գեւորգյանը: Թե ինչու է կինոնկարը կոչվում «3+2 կգ», նա դեռեւս չցանկացավ բացահայտել` նշելով, որ այդ անվանումն անմիջական առնչություն ունի ֆիլմի սյուժեի հետ: Դերասանը խոստացավ, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա ականատեսը լինելու աշխարհում լայն տարածում ունեցող ժանրի հայկական «դրսեւորումներին» եւ իրավիճակային հումորներով համեմված հետաքրքիր մի պատմության. «Ֆիլմը երեք մաքուր, անդավաճան ընկերների մասին է, որոնք իրենց կամքից անկախ` հայտնվել են կեղտոտ քրեական խաղերի մեջ»,- մանրամասնեց Արմանը:
Cinemayil production-ի հայկական արտադրության այս ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Կորյուն Մայիլն է (Կորյուն Մկրտչյան)` նույն ինքը` երեխաներին քաջ հայտնի Քեռի Մուլտիկնիկը: Ի դեպ, սա թվով երկրորդ ֆիլմն է, որի շրջանակում Կորյունը հանդես է գալիս որպես ռեժիսոր. առաջինը «Նախաճաշ երկուսի համար»-ն էր:
Արմանը պատմեց, որ ստեղծագործական կազմը ֆիլմի վրա սկսել է աշխատել փետրվարից: «Կարելի է ասել, որ կինոնկարը ունի նաեւ դաստիարակչական բնույթ. այն կփորձի երիտասարդներին հետ պահել քրեական խաղերի մեջ մտնելուց»:
Դերասանի խոսքով` ծրագրվում է առաջիկայում ֆիլմը Հայաստանի մարզերում եւ արտերկրում ներկայացնել: