ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՏԵԿՏԻՎ ՎԵՊԸ
Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն դետեկտիվ վեպ է ճանաչվել անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» ստեղծագործությունը: Այն հաղթել է դետեկտիվ ժանրի գրողների բրիտանական ասոցիացիայի հայտարարած մրցույթում: Հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել են քրեական վեպերի վեց հարյուր ժամանակակից հեղինակներ: Մրցույթին մասնակցել է տասը ստեղծագործություն.  բացի Ագաթա Քրիստիի վեպից` ներկայացված են եղել Արթուր Քոնան Դոյլի, Ռեյմոնդ Չանդլերի, Թոմաս Հարիսիի գործերը: «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» առաջին անգամ տպագրվել է 1926-ին: Դա Ագաթա Քրիստիի թվով 7-րդ վեպն է:

«ԱՍՏՂԱՅԻՆ ԾԱՂՐԱԾՈՒ»
Մոսկվայի Մշակույթի գործիչների կենտրոնական տան բեմում նոյեմբերի 10-ին կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին նվիրված «Աստղային ծաղրածու» արվեստի 3-րդ փառատոնը: Երեկոյի շրջանակում կկայանա «Պյերո» մնջախաղային մոնոներկայացումը Պավել Ալյոխինի կատարմամբ: Փառատոնի ծրագրում ներառված են նաեւ Վլադիմիր Վիսոցկու երգերը Ալեքսեյ Կուդրյավցեւի կատարմամբ: Կցուցադրվեն Ենգիբարյանի ելույթներից բացառիկ վավերագրական կադրեր, Քսենյա Կրոտովայի «Աստղային ծաղրածու» եւ Միհրան Հակոբյանի «Անձրեւանոց» մուլտֆիլմերը, ինչպես նաեւ` իմպրովիզացիա ըստ Ենգիբարյանի նովելների` «Պարաֆրազ» թատրոնի կատարմամբ:

«ԴԻԵԳՈՅԻ ՄԵԾ ԳԼՈՒԽԸ»
Շվեյցարացի գեղանկարիչ Ալբերտո Ջակոմետտիի «Դիեգոյի մեծ գլուխը» բրոնզե քանդակը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է 50 մլն դոլարով: Կիսանդրին աճուրդում համարվում էր իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի վարպետների ստեղծագործությունների վաճառքային  գլխավոր լոտերից մեկը, որտեղ քանդակված է Ջակոմետտիի եղբայրը: 1955թ. ձուլված 65 սմ բարձրությամբ քանդակը պատկերում է վարպետի եղբորը` Դիեգոյին: Հայտնի է, որ նա եղել է Ջակոմետտիի սիրելի բնորդը: Քանդակը 1980-ից մինչ օրս գտնվել է մասնավոր հավաքածուում:




Լրահոս