«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երեւանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին հաջողվել է ապացուցել, որ իրեն զրպարտել են, արժանանալ ներման եւ վերադառնալ պետական համակարգ: Բանն այն է, որ «Վանոյի Արտակի» ձերբակալումից հետո քննությամբ ինչ-որ հանգամանքներ են ի հայտ եկել։ Եվ Երեւանի նախկին ոստիկանապետը համոզել է Սերժ Սարգսյանին, որ իր վրա «շառ» են արել, իսկ Գասպարյանը ոչ թե պաշտպանել է իր ենթակային, այլ «կրակի վրա յուղ է լցրել»:
Ավելին, ասում են` իշխանության հետ Նազարյանի հարաբերություններն այնպես են ջերմացել, որ չի բացառվում նրան վերադարձնեն ոստիկանական համակարգ: Հիշեցնենք, որ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ. ապրիլին, ըստ վարկածներից մեկի՝ նա չէր կարողացել կանխել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ ոստիկանների բռնությունները, սակայն առավել իրական էր այն, որ նրա անունը շրջանառվում էր «ֆինանսական բուրգի» գործով, որտեղ մեծ գումարների ստվերային շրջանառություն եւ ապօրինի գործարքներ էին կատարվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: