“Աջափնյակ համայնքում, Հալաբյան փողոցին զուգահեռ գտնվող ,Թումոյիե դիմացի այգու առուն սկիզբ է առնում Հրազդան գետից, որը նախատեսված է Դալմայի հնամենի այգիները ոռոգելու համար։ Այն խողովակաշարով հասնում է մինչև այգու կենտրոն, այնուհետև դուրս գալիս խողովակաշարից այնտեղ, որտեղ տեղակայված են մանուկների խաղահրապարակները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը։ Ամռան ամիսներին այստեղ միշտ հոծ բազմություն է լինում, ավելի շատ մանուկներ, ովքեր շնչում և արտաշնչում են տհաճ նեխահոտը, որ վաղնջական ժամանակներից է հայտնի։ Բայց այստեղ գտնվողներն անտեղյակ են, որ այս նեխահոտը նաև վտանգավոր է առողջության համար։ Այգում աշխատող տարեց բանվորները, որոնք հասկանալի պատճառով չցանկացան ներկայանալ, պատմեցին, որ գարնան սկզբին մաքրում են առուն, սակայն դրանից ոչինչ չի փոխվում։
Պարզապես նստվածքն առվի տակից մի քիչ հեռացնում են, որպեսզի ջուրը կարողանա անարգել հոսել։ Այդ գործողությունը, ինչպես նշեցին նրանք, կատարում են օդապաշտպանիչ դնչկալով, առանց որի անհնարին է աշխատել։ Նրանք ասացին նաև, որ ջուրը երբեմն գույնը փոխում է և ավելի տհաճ հոտ արձակում։ Ենթադրում են, որ վերևներում թունավոր արտադրամասեր կան, որոնց թափոնները լցվում են առվի մեջ։ Իսկ թե քանի կոյուղի է դատարկվում առվի մեջ, դա էլ է անհայտ։ Առվի վրա տեղադրված փայտե կամրջակը երեխաների սիրված վայրն է, որտեղից նրանք անարգել խաղում են ջրի հետ, հաճախ մտնում առվի մեջ։ Մի խոսքով, մարդիկ չեն գիտակցում, որ այդ առուն չարիք է, այլապես ոտք չէին դնի այգի։ Նրանք ասացին նաև, որ առուն մտահոգում է այգու ղեկավարությանը, որոնք միջոցներ են ձեռնարկում, սակայն մինչ այսօր խնդիրը չի կարգավորվում”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։