Ի տարբերություն մեզ` Պուտինը ճիշտ է հասկանում քաղաքականությունը. Խոսրով Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ նախագահներ Սարգսյան-Պուտին հանդիպման շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ:

– Պարո´ն Հարությունյան, երեկ կայացած հանդիպումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Տեսակետներ եղան, որ երեկ վերջնականապես  հաստատվեց տարածքներ հանձնելու տարբերակը: Ո՞րն է Ձեր տեսակետը:

– Ճիշտն ասած, ես մի քիչ այլ կարծիքի եմ: Ես եզրակացություններ անելուց ավելի շատ փորձում եմ հենվել այն թեզի վրա, որը հնչեցրել էր Պուտինը՝  մինչ Ադրբեջան մեկնելը: Նա ասել էր, որ իրենք բացարձակապես չեն պատրաստվում որևէ մեկի պարտադրել, այլ մեր նպատակն է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը փոխադարձ վստահության միջավայրում գան մի այնպիսի կետի, որտեղ ո´չ հաղթողներ կլինեն, ո´չ պարտվողներ:

Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպման ժամանակ նույնիսկ այսպիսի մեկնաբանություն հնչեց, որ այդ ամբողջ բանակցությունների ընթացքում, ըստ էության, ներկա էին Թուրքիան և Հայաստանը` տարածաշրջանի կարևորագույն խաղացողները: Անընդհատ նրանք քննարկել են խնդիրներ, որոնք անմիջական կապ են ունեցել տարածաշրջանում խաղաղ զարգացման խնդիրների հետ:

Մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանի նախագահը «Հյուսիս-Հարավ» ծրագրի դիմաց փորձել է իր գործընկերներից կորզել որոշ պայմանավորվածություններ՝ կապված Լեռնային Ղարաբաղի միակողմանի, այսինքն` տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բայց ո´չ Ռոհանին, ո´չ էլ Պուտինը որևէ խոստում այդ ուղղությամբ չեն տվել:

-Վերջին օրերին ՌԴ նախագահը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, և յուրաքանչյուրի ժամանակ էլ անդրադարձ եղավ հիմնախնդրին: Սա ի՞նչ կարող է փոխել:

-Այդ հանդիպումներից հետո ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա մեկնեց ՀՀ նախագահը: Սա ենթադրում է, որ Ռուսաստանը, հրավիրելով Սերժ Սարգսյանին, իր ռազմավարական գործընկերոջը Մոսկվա երկու խնդիր է լուծում: Առաջինը` փորձել տեղեկացնել այն պայմանավորվածությունների մասին, որոնք եղել են այդ երկու օրվա ընթացքում: Մյուս կողմից էլ նկատելի դարձնել այն թեզը, որ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարևոր են, բայց դրանք չեն կարող փոխարինել հայ-ռուսական հարաբերություններին:

Ռոհանին ընդգծեց, որ այն տնտեսական համագործակցությունը, որը ձևավորվում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Իրանի միջև, չի կարող օգտագործվել որևէ երրորդ երկրի դեմ: Սա նշանակում է, որ նրանք իրենց պատասխանատու են համարում Կովկասյան տարածաշրջանը խաղաղ առաջ տանելու հարցում: Եվ բանակցային գործընթացը պարտադրանքով, ինչ-որ մեկի թևերն օրորելու ճանապարհով որոշումներ կորզելը լուծում չէ: Դա խաղաղ ապագա չի կարող խոստանալ որևէ մեկին: Չմոռանանք, որ նախագահ Սարգսյանը ոչ երկիմաստ, հայտնի իրադարձությունների խաղաղ հանգուցալուծումից հետո հայտարարություն արեց և ասաց, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի որևէ տարբերակ Ադրբեջանի կազմում:

-Դուք նշեցիք, որ Սարգսյանին Մոսկվա կանչելու հանգամանքը խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող փոխարինել ռուս-թուրքականին կամ ռուս -ադրբեջանականին: Բայց այն հանգամանքը, որ Պուտինն անձամբ է գնում Ադրբեջան, իսկ Սարգսյանին կանչում Մոսկվա, արդյոք չի՞ խոսում հակառակի մասին:

– Մենք իրերը պետք է իրենց անուններով անվանենք: Այսօր Ադրբեջանի աշխարհատնտեսական  դերակատարումը թե´ Եվրոպայի, թե´ Ռուսաստանի համար, այդ թվում` նաև Իրանի համար ավելին են, քան Հայաստանինը: Սա փաստ է, սա իրողություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք: Ադրբեջանն այսօր ձեռնամուխ է եղել Եվրոպային գազ մատակարելու թուրքական ծրագրի այլընտրանքային ապահովմանը և փորձ է անում այդ ծրագրի իրականացման մեջ ներգրավել Ղազախստանին և Իրանին և այդ ծրագրով շրջանցել Ռուսաստանին:

Ըստ Ձեզ, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի. չպե՞տք է փորձի արդյոք այդ ամենը չեզոքացնել: Իհարկե, Պուտինի համար այդ էներգետիկ ծրագրերն այնքան կարևոր են, որ նա կգնա Բաքու, ի տարբերություն մեզ` նա ճիշտ է հասկանում քաղաքականությունը, բայց ես որևէ անարժանապատիվ բան չեմ տեսնում նրանում, որ իր գործընկերոջը կանչում է Մոսկվա:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս