ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում հանդիպում անցկացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Դրանից երկու օր առաջ այդ թեման առանցքային էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Պուտինի բանակցություններում, որի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, կարևորում է հակամարտության դիվանագիտական կարգավորումը, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումը պլանավորվում էր ավելի շուտ անցկացնել, իսկ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից հետո այն անխուսափելի էր: Քանի որ Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների առանցքում ԼՂ հարցն էր, ինչպես նշում է «Կոմերսանտ»-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը, մյուս կողմի հետ այդ հարցը չքննարկելը «քաղաքական սխալ» կլիներ:
Վլադիմիր Պուտինը՝ մեկնարկ տալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, խոստացավ նրան տեղեկացնել Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին:
ՌԴ պետական կառույցներում պարբերականի աղբյուրի խոսքով՝ «Բաքվի և Երևանի միջև հարաբերական անդորր է հաստատված»: Նա նաև հավելել է, որ այժմ մշակվում է Սարգսյան-Ալիև անձնական հանդիպում անցկացնելու հարցը: Աղբյուրը չի բացառել, որ այդ հանդիպումը կարող է կայանալ նույն ձևաչափով, ինչպես ապրիլի 20-ին (այդ ժամանակ երկու երկրների ղեկավարները ՌԴ նախագահի միջնորդությամբ հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում):